28 ապրիլի 2015 - 12:06 AMT
ՀՀ նախագահ. Ժխտելով Ցեղասպանությունը` Թուրքիայի ներկայիս իշխանությունը հանցակից է դառնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզներին: Զրույցի հիմնական թեման եղել է Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով այս հարցին` Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած հանցագործություն չբացահայտվելու և չդատապարտվելու դեպքում ծնում է նորերը` ինչպես Հայոց ցեղասպանության անպատժելիությունը՝ ծնեց հրեաների Հոլոքոստը. մի բան, որ ըստ էության՝ տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանությունը պատշաճ չընդունելու և չդատապարտելու հետևանքով: Ապագայում հանցագործությունների կանխարգելման ամենաուժեղ գործիքը անցյալում կատարված հանցագործությունների ճանաչումն է. արձանագրել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Tert.am-ը:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Էրդողանը ևս հրավիրվել է Երևան՝ Ապրիլի 24-ին միասին հիշելու զոհերին, նրանց հարգանքի տուրք մատուցելու և այդ կերպ միասին այնպես անելու, որ ապագայում նման հանցագործություններ չկրկնվեն:Սերժ Սարգսյանը կարևորել է այն ազդանշանը, որ Ապրիլի 24-ին Էրդողանի այցը Երևան կարող էր հղել թե՛ հայերին, թե՛ թուրքերին:

Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ այսօրվա Թուրքիան մեղավոր չի համարվում Օսմանյան Թուրքիայի ոճրագործության համար, սակայն ժխտմամբ Թուրքիան հանցակից է դառնում: Սարգսյանը նկատել է, որ իր ցանկությունն է, որ թուրքերը կարողանան դեն նետել այդ բեռը, որը կրում են:

Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը պաշտոնապես երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային` Անկարայի կողմից Ցեղասպանության ճանաչան համատեքստում: Սակայն, ըստ Սարգսյանի, պահանջատիրությունը կլիներ հարցի երկրորդ կողմը, իսկ առաջնայինը ճանաչումն է: Անկեղծորեն, գիտակցված, առանց ճնշումների ճանաչումը Սերժ Սարգսյանը ավելի կարևոր է համարում: Այս համատեքստում նա բարձր է գնահատում Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքի ելույթը, որում նա Գերմանիային մեղսակից էր համարել Հայոց ցեղասպանությանը:

Խոսելով հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տապալման մասին` Սերժ Սարգսյանը նկատում է, որ հայ- թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ է կանչել թուրքական կողմին հասկացնելու համար, որ Հայաստանը մտադիր չէ հավետ սպասել Թուրքիայի կողմից այդ փաստաթղթի վավերացմանը: Նա այդ քայլը քաղաքական, ոչ իրավական քայլ է որակում:

Անդրադառնալով այդ փաստաթղթերի վավերացմանը, Սերժ Սարգսյանն ասում է.«Այդ փաստաթղթերը ստորագրվել են արտոգործնախարարների, ՄԱԿ-ի 3 մշտական անդամների ներկայությամբ, և այնտեղ ասվել է, որ այդ փաստաթղթերը ուժի մեջ են մտնում խորհրդարանի կողմից նախաստորագրվելուց հետո: Եվ մենք հայտարարեցինք, որ երբ Թուրքիայի խորհրդարանը նախաստորագրի, ապա մենք, մեր խորհրդարանը մի քանի ժամվա ընթացքում կանի նույնը: Ինչո՞ւ մենք դա արեցինք, քանի որ հնչեցին կարծիքներ, որ Թուրքիայի խորհրդարանը դա չի անի, որ կսպասի քաղաքական հարմար պահի, այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ պարզապես կսպասենք: Եթե թուրքական կողմը նախաստորագրի, մենք էլ նույնը կանենք: Մեր կողմից միակողմանի ստորագրումը սխալ մոտեցում կլիներ»:

Պատասխանելով Պոզների այն դիտարկմանը, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ինքն է եղել ազատագրման պայքարի առաջնոդներից մեկը Ղարաբաղում, իսկ խնդրի լուծումը հնարավոր է տեսնեն միայն հաջորդ սերունդները, նախագահը վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը կկարգավորվի շատ շուտով և դրա ականատեսը կլինի ներկայիս ժողովուրդը:

Պոզները հիշել է նաև մեկ տարի առաջ նախագահի` արգենտինական պարբերականին տված հարցազրույցը, որում նա ցավով էր խոսել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին: Այժմ խոսելով Հայաստանի մարտունակության և հնարավոր պատերազմի բռնկման մասին` նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը մարտունակ բանակ ունի և որ այդ մարտունակությունն ապահովվում է նաև մեր ռազմավարական գործընկերների շնորհիվ, իսկ նրանց թվում առաջինը Ռուսաստանն է:

Որպես հիմնական ցավալի կետ Պոզների հետ զրույցում նախագահն ընդգծել է հոգեբանական գործոնը, «երբ հայ զինվորը գիտի, որ իր վրա կրակում են Ռուսաստանից գնած զենքով»: «Դա շատ ցավալի է», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ ափսոսանքի առկայության մասին հարցին` ՀՀ նախագան ասել է. «Անշուշտ, Խորհրդային Միությունը շատ բան տվեց հայերին, ցեղասպանությունից արյունաքամ եղած փոքր երկիրը կարողացավ դառնալ ԽՍՀՄ առաջատար հանրապետություններից մեկը: Ծաղկեցին գիտությունն ու արվեստը: Սակայն, երբ ԽՍՀՄ ԱԳ նախարարը ծաղկեպսակ էր դնում Աթաթուրքի գերեզմանին, այ դա արդեն շատ ցավալի էր»:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անպայմասն մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովրդի հաղթանակն է, խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել պատերազմին` ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից, 600 000 մեկնեց ռազմաճակատ, որից 314 հազարը զոհվեց: Ես գտնում եմ, որ ես անպայման պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին հայ ժողովրդի անունից»: