Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությունների անցկացման օրերին թուրք և ադրբեջանցի հաքերների խմբավորումները բազմաթիվ հարձակումներ են ձեռնարկել վիրտուալ ճակատում: Սակայն նման փորձերի ճնշող մեծամասնությունը ձախողվել է:
PanARMENIAN.Net-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ հարևանների կողմից հարձակումները բազմաթիվ են եղել, սակայն ապարդյուն: Պատճառն այն է, որ տեղեկատվական դաշտի հայ ակտիվ մասնակիցները սպասում էին, որ ապրիլի 24-ին ընդառաջ և հաջորդ օրերին լուրջ գրոհներ կլինեն և նախապատրաստվել էին:
«Հետևաբար հարձակումների մեծ մասն աննկատ մնաց: Օրինակ, թուրքական հաքերների խմբավորումներից մեկը հայտարարեց, որ DDoS հարձակումներ է իրականացրել հայկական պետական կայքերի դեմ: Մասնավորապես, հիշատակվեցին ԱԳ, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների կայքերը: Սակայն իրականում այդ կայքերի աշխատանքի տեսանելի խափանումներ չեղան»,-ասել է փորձագետը:
Հաքերները նաև փորձել են խափանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը: Ինչպես ակնկալվում էր, այն դարձավ նման հարձակումների գլխավոր թիրախը` 24 ժամում անվտանգության համակարգն արձանագրել է ավելի քան 34 միլիոն հարձակում, սակայն կայքի աշխատանքը չի խափանվել:
«Ադրբեջանցի հաքերները կարողացան կոտրել միայն մի քանի տասնյակ հայկական կայքեր, որոնց թվում լուրջ հարթակներ չկային: Հարձակում է կատարվել նաև ավելի քան 250 կայքի դեմ, որտեղ Հայոց ցեղասպանությունը ժխտող քարոզչական տեղեկատվություն էր տեղադրվել: Սակայն այդ կայքերը «հայկական ծագում չունեն»,-ասել է Մարտիրոսյանը:
Միևնույն ժամանակ հայ հաքերներին հաջողվել է կոտրել ավելի քան 1000 թուրքական կայք, ինչպես նաև որոշ քանակի կայքեր Ադրբեջանում, որտեղ զետեղվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվություն: DDoS հարձակման է ենթարկվել թուրքական տեսակետի քարոզչությամբ զբաղվող մոտ 10 կայք:
«Հարձակումների արդյունքում այդ հարթակների աշխատանքը խափանվել էր ապրիլի 23-24-ին: Ընդհանուր առմամբ թուրքական և ադրբեջանական հաքերային խմբերին չհաջողվեց գոնե մի փոքր շոշափելի արդյունքի հասնել` հատկապես Հայաստանից տեղեկատվական հոսքերի խափանման առումով: Միևնույն ժամանակ անսպասելիորեն ակտիվ եղան հաքերային հայկական խմբավորումները»: