ՌԴ Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի իր պաշտոնակցին և հայ ժողովրդին, հայտնում է Panorama.am-ը:Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի Հովիկ Արգամի
Այս օրերին մենք հարգում ենք պատմության մեջ ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար:
Քաղաքակրթության և մարդկության դեմ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում: Յուրաքանչյուրի պարտքն է խնամքով պահպանել այս ահասարսուռ ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը և անել ամեն ինչ որ անցյալի սարսափները երբևէ և ոչ մի տեղ չկրկնվեն: Այս պատմական դասերի անանց արժեքը հերթական անգամ ընդգծեցին վերջերս Երևանում տեղի ունեցած սգո արարողությունները:
Ռուսաստանի դաշնության կառավարության և իմ անունից կարեկցանք և ցվակցություն ենք փոխանցում Ձեզ և եղբայրական Հայաստանի քաղաքացիներին: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը: Հավերժ հիշատակ զոհերին: Թող ապագա սերունդները մշտապես ապրեն խաղաղության և համերաշխության մեջ: Հարգանքով Դմիտրի Մեդվեդև»:
Հատկանշական է, որ Մոսկվայի նոր ցավակցությունները հնչեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կայացած արարողություններին Վլադիմիր Պուտինի մասնակցությանը Անկարայի նյարդային արձագանքից հետո: Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Ռուսաստանը ինքը պետք է լավ իմանա, թե ինչէ «ցեղասպանությունն» ու ինչ իրավական ասպեկտներ ունի», իսկ Էրդողանը հայտարարեց, թե Պուտինի այդ քայլը վշտացրել է իրեն, և որ Մոսկվան ինքը «պետք է պատասխան տա իր անցյալի, Ղրիմի համար»: