29 ապրիլի 2015 - 19:47 AMT
ՄԽ համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Երկօրյա աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվար Նալդբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կունենան նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Այսօր և վաղը Փարիզում կհանդիպեմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»,- գրել է Ուորլիքը։

Փետրվարի 5-ին ևս աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ հաղորդագրությունն ուղեկցելով Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից լուսանկարով:

«Լավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը քննարկելու համար: Մենք ողջունում ենք նրա` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր ամերիկացի համանախագահը: