1 մայիսի 2015 - 13:01 AMT
ՄԽ համանախագահներ. Ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրյոն ամփոփել են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին կայացած հանդիպման արդյունքները, հայտնել է Panorama am-ը ԵԱՀԿ պաշտոնական կայքի վրա հղումով:

«Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ակտիվացման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպում կազմակերպելու կարևորությունը: Նախարարները համաձայնեցին կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը ձևակերպելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն:

Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղիվերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները:

Աշխատանքային այցով Փարիզոմ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը:

Ինչպես հայտնում է ԱԳ մամուլի ծառայությունը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։ «Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- նշել է նախարար Նալբանդյանը։