1 մայիսի 2015 - 15:29 AMT
Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, գրում է «Nouvelles d’Arménie»-ին:

Լյուքսեմբուրգի քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել է Օսմանյան Թուրքիայում XX դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը հետևի Ֆրանսիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ըստ պատգամավոր Լորան Մոզարի, նախագծում ասվում է, որ «1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին», փոխանցում է Armenia Today-ը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: