1 մայիսի 2015 - 17:08 AMT
ԱԺ ընտրություն Արցախում. ԵԱՀԿ-ն ողջունում է, ԵՄ-ն չի ճանաչում, Բաքուն՝ սպառնում

Շատ ավելի կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը ողջունում են Արցախում մայիսի 3-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, քան այն, որ չեն ճանաչում Արցախը՝ դիվանագիտական տերմինաբանությամբ, ասել է Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի` համանախագահների հայտարարության ԼՂ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հատվածին:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում ևս անդրադարձել էին Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները:

«Այն, որ իրենք ողջունում են, ավելի կարևոր է, սա, փաստորեն, այն է, ինչ պետք է ցանկացած նորմալ, քաղաքակիրթ անձ և պետության ներկայացուցիչ արձանագրի: Այլ բան է, որ, այո, նշել են` չճանաչված: Դե հիմա մի … էսպես դիվանագիտական տերմինաբանություն է, որը նրանք միշտ կիրառում են»,- ասել է Դավիթ Բաբայանը, գրում է Tert.am-ը:

Մինսկի խմբի այս վերջին հայտարարությունը առիթ էր դարձել, որպեսզի ադրբեջանական լրատվամիջոցները գրեն, որ ֆրանսիացի համանախագահը ոչ լեգիտիմ է ճանաչում ընտրությունները, քանի որ Արցախը ճանաչված պետություն չէ:

«Ֆրանսիացի համանախագահի խոսքը, ըստ երևույթին, աղավաղվել է, որովհետև չճանաչված և ընտրությունների ոչ լեգիտիմ լինելը տարբեր բաներ են և տարբեր հարթություններում: Պետությունը կարող է լինել չճանաչված, բայց անցկացնի ազատ, արդար ու լեգիտիմ ընտրություններ, ինչպես միշտ լինում է Արցախում, և, հակառակը, պետություններ կան, որ ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց նրանց բոլոր ընտրությունները ոչ լեգիտիմ են: Օրինակ` Ադրբեջանը»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Նա հավելել է, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախ են ժամանելու նաև ԱՄՆ-ից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեքսիկայից, Իսպանիայից, Զիմբաբվեից, սկանդինավյան որոշ երկրներից և վերջապես Հայաստանից: Ստեփանակերտի մամուլի խոսնակը նկատել է, որ առավել շատ դիտորդներ Արցախ գալիս են նախագահական ընտրություններին, ոչ խորհրդարանական, սակայն նկատել է, «որ տարեցտարի` ընտրությունից ընտրություն և՛ աշխարհագրությունը, և՛ եկողները քանակն ավելանում է»:

Ապրիլի 30-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ֆրանսիացի դիտորդներին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ, ով նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Իսկ պաշտոնական Բաքուն սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դիտորդներին, գրում է APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիևի հայտարարությունը:

«Չի բացառվում, որ այդ դիտորդների (բառը՝ չակերտներում) նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի կերպով այցելելով գրավյալ տարածքներ», - մասնավորապես ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Հաջիևը հիշատակել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի անունը, ով նույնպես, ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի, դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել, և նրա նկատմամբ «Ինտերպոլ»-ի գծով հետախուզում է հայտարարվել»:

Ավելի վաղ The Fresno Bee –ն գրել է. «Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»:

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ է ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդ՝ եվրոպական, ամերիկյան և հետխորհրդային երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, հայտնում են Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովից, գրում է «Ազատություն»-ը:

Հանձնաժողովը իր կայքէջում տեղադրած հաղորդագրությունում հայտնում է, որ երեկ սկսվել է միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը: Ըստ նույն աղբյուրի, ապրիլի 30-ին գրանցված առաջին դիտորդները Ֆրանսիայից էին՝ Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի անդամ, նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոն, Դոկտորանտ իրավաբանների ֆրանսիական միության նախագահ Պիեռ դ՛Էսպերոնան:

Եվրամիությունը չի ճանաչում մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախատեսված ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները, մայիսի 1-ին հայտարարել է Եվրոպական միության խոսնակը:

«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա», - հայտարարել է ԵՄ խոսնակը:

«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և համանախագահների ջանքերին ՝ առաջ շարժվել ստատուս քվոյից և անցնել համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - նշված է ԵՄ կայքում տարածված հաղորդագրության մեջ: