1 մայիսի 2015 - 19:16 AMT
1 րոպե լռություն Բելգիայի խորհրդարանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին. Թուրք պատգամավորը բացատրություն կտա

Բելգիայի դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 30-ին նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. որոշումն ընդունվել էր խորհրդարանականներ Ֆրանսուազ Շեպմանսի և Դենիս Դյուքարմեի համատեղ առաջարկով:

Բելգիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ դաշնային կառավարությունը երբեք դիրքորոշում չի հայտնել հարցի վերաբերյալ:

Ներկայացուցիչների պալատի այս ժեստը կայացել է Բրյուսելի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ բանավեճից մեկ շաբաթ անց, երբ երեք պատգամավոր դեմ է հանդես եկել լռության րոպեին: «Հարյուր տարի առաջ տեղի է ունեցել այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն: Մենք այն հիշելու բարոյական պարտավորություն ունենք»,- ասել է Պալատի նախագահ Զիգրֆրիդ Բրակն իր ելույթում, La Libre թերթին հղումով գրում է Tert.am-ը:

Սոցիալիստական կուսակցության թուրքական ծագումով 2 պատգամավորներ՝ Օզլեմ Օզենը և Նավալ Բեն Համուն, ներկա են եղել հայտարարված 1 րոպե լռությանը: Սակայն թուրքական ծագում ունեցող մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սան Խոսեի քաղաքապետ Էմիր Քիրը, ներկա չեն եղել խորհրդարանում հայտարարված լռության րոպեին. սա շարունակում է զգայուն թեմա մնալ Բելգիայի թուրքական համայնքի համար:

Բելգիայի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարն իր մոտ կկանչի կուսակցության պատգամավոր Էմիր Քիրին, և նրա բացակայության վերաբերյալ բացատրություն կպահանջի, հայտնել է Սոցիալիստական կուսակցության նախագահ Էլիո Դի Ռուպոն:

Ֆրանսալեզու սոցիալիստների նախագահը հիշեցրել է այս հարցի վերաբերյալ իր կուսակցության հստակ դիրքորոշումը: Սոցիալիստական կուսակցությունն է նախաձեռնել 1998 թվականի խորհրդարանական բանաձևը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և պահանջում Թուրքիայի կառավարությանը նույնպես ճանաչել այն:

«Տարբեր կուսակցություններից բացականեր են եղել, բայց դա չի նվազեցնում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեր վճռականությունը»,- հավելել է Էլիո Դի Ռուպոն:

Բելգիայի սոցիալիստական կուսակցության նախագահ Էլիո Դի Ռուպոն օրեր առաջ իր կուսակցության անունից հայտարարել է, որ «Ցեղասպանությունն անվիճելի փաստ է»:

Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանավեճը կրկին վերադառնալու է Ներկայացուցիչների պալատի օրակարգ, քանի որ «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոնների» կուսակցությունը Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունների, ինչպես նաև բոլոր միջազգային ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացրել:

Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի խորհրդարանում նույնպես «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոնների» կուսակցությունը պատրաստում է փաստաթուղթ, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության ճանաչումը շրջանի և Բելգիայի ֆրանսիական համայնքի մակարդակով:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգել են նաև Ավստրիայի խորհրդարանում, Իտալիայի Սենատում և Ուկրաինայի Գերագույն ռադայնում: