1 մայիսի 2015 - 19:31 AMT
Թուրքիայի պատվիրակությունը հետ է ուղարկել Ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԵԽ բանաձևը

Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշումը Եվրամիությունում Թուրքիայի ներկայացուցչության կողմից հետ է ուղարկվել կառույցին:

ԵԽ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ որոշումն ապրիլի 29-ին հասել էր Թուրքիայի ներկայացուցչություն, սակայն Թուրքիայից ստացած հրահանգի համաձայն՝ այն հետ է ուղարկվել, թուրքական Т24 կայքին հղումով գրում է Tert.am-ը:

ԵԽ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում նշվում է, որ որոշումը միակողմանի է և որ նման որոշումները խորհրդարաններում չեն կայացվում։

Վերջին շրջանում ԵԽ-ի կողմից Թուրքիայի առնչությամբ ընդունված գրեթե բոլոր որոշումները հետ են ուղարկվել և չեն ընդունվել Թուրքիայի իշխանությունների կողմից։ Դրանցից մեկն առնչվել է Գեզի պուրակի պահպանության համար թուրք ակտիվիստների ցույցերին, մյուսը՝ Կիպրոսի հունական հատվածին, հաջորդը՝ կոռուպցիոն սկանդալին ու դրանից հետո մամուլի որոշ կառույցների դեմ սկսված գործողություններին։

Եվրոպական խորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։