2 մայիսի 2015 - 13:28 AMT
Շաբաթն առաջնագծում. Ավելի քան 7000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից ու 60մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ: Շուրջ 15 րոպե տևած փոխհրաձգության արդյունքում` հակառակորդը կրելով մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի 1 արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի (Վինտարեզի) 1 պահունակ` 4 փամփուշտով, 1 կարճաթև շապիկ, 1 մանգաղ, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ ու ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հեռակառավարման եղանակով փորձել է իրականացնել զինվորական մեքենայի պայթեցում:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին դիմակայելու ընթացքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Պաշտպանության նախարարությունում ապրիլի 21-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ասել է նախարարը: