4 մայիսի 2015 - 14:31 AMT
70%-ից ավելի մասնակցություն. Արցախի նորընտիր ԱԺ-ում 5 քաղաքական ուժ կլինի

Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ, որոնք ապրիլի 3-ին անցկացված ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5%-ի շեմը:

Համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով, որոնք հրապարակել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47․3%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1%-ը, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը՝ 18․81%-ը, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93%-ը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38%-ը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդը Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը՝ գործող Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Ընտրություններին մասնակցող մյուս երկու կուսակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի կոմկուսը և «Խաղաղություն և զարգացում»-ը նվազագույն շեմը չեն հաղթահարել: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Ընտրություններին մասնակցել է 72.039 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 70․6%-ը: Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով ընտրությունների ընթացքի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք չի ստացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել երեք բողոք կամ դիմում, որոնցից երկուսին հարցը կարգավորված է ի օգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է», - ասել է Արզումանյանը:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են.

«Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»: