5 մայիսի 2015 - 11:14 AMT
«Տանգոն երկուսով են պարում». Լեհաստանում չգիտեն` արդյոք Երևանը փաստաթուղթ է ստորագրելու Ռիգայում

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովից հաշված օրեր առաջ ծրագրի նախաձեռնող երկրներից մեկը՝ Լեհաստանն առայժմ չի մանրամասնում՝ արդյոք Երևանը փաստաթուղթ է ստորագրելու Ռիգայում: Դեսպան Եժի Նովակովսկին, պատասխանելով այն հարցին, թե պահպանո՞ւմ է արդյոք Վարշավան նախկինում հնչեցրած լավատեսությունը, հայտարարեց, որ ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Լեհաստանում այսպիսի ասացվածք կա՝ տանգոն երկուսով են պարում: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը երևանյան վերջին այցի ընթացքում ասաց, որ Եվրոպան պատրաստ է պարել Հայաստանի հետ: Թե որքանով զգացմունքային կլինի այդ պարը, կախված է մյուս զուգընկերոջից»,- ասաց դեսպանը։ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հույս է հայտնում, որ պաշտոնական Երևանը ամենաբարձր մակարդակով ներկայացված կլինի Ռիգայում, և կողմերին կհաջողվի արդյունքի հասնել:

Միաժամանակ, սակայն, լեհ դիվանագետը հիշեցրեց, որ Հայաստանն ավարտել էր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ վերջին պահին հրաժարվելով ստորագրել փաստաթուղթը, և ապա միանալով Եվրասիական միությանը՝ անհամատեղելի է դարձրել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը։

«Սակայն դեռ սեղանին բաց է մնում քաղաքական համագործակցության՝ ասոցացման մասը: Թե Լեհաստանի, և թե Եվրամիության կողմից կա պատրաստակամություն համագործակցել, հստակեցնել քաղաքական այդ դրույթները: Հենց դրանք են բանակցությունների առարկա: Դիվանագետները բանակցում են, իսկ քաղաքական գործիչները պետք է որոշում կայացնեն՝ ընդունում են այդ դրույթները, թե՝ ոչ» ,- հայտարարեց Եժի Նովակովսկին՝ կարծիք հայտնելով, որ այդ փաստաթուղթը կարող է կոչվել ոչ թե ասոցացում՝ այլ «համագործակցության ճանապարհային քարտեզ»:

Արևելյան գործընկերության ծրագիրն ապրում է, վստահեցնում է դեսպանը, դրա նպատակը, սակայն, Ռուսաստանի հետ համագործակցող երկրներին Արևմուտք տանելը չէ, ինչպես Կրեմլն է ներկայացնում, թեև չեն էլ թաքցնում՝ կուզենային Հայաստանը հնարավորինս մոտեցնել Եվրամիությանը: Միայն թե տնտեսական մասով դա, ըստ էության, բացառված է. Հայաստանը մաքսատուրքերն արդեն համաձայնեցրել է Եվրասիական միության պահանջներին:

«Օրինակ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք կարողանանք ազատ և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի հետ»,- հարց է հնչեցնում Նովակովսկին։

Վարշավան ձեռնպահ է մնում գնահատել երեկ Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Նովակովսկին հայտարարեց, թե քանի դեռ եվրոպական որևէ երկիր չի ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, տեղին չէ քաղաքական որակում տալ քվեարկությանը.- «Լեհաստանի կառավարության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որը իրավական կարգավիճակ չունի և չի համարվում պետություն»:

Դեսպանը հրաժարվեց նաև գնահատել՝ կա՞ն արդյոք Հայաստանում քաղաքական բանտարկյալներ, ասաց՝ հետևում է իրավիճակին, բայց գնահատականները իր երկրի իշխանություններին է փոխանցում:

Ի դեպ, Լեհաստանի նախագահը չի մասնակցելու Մայիսի 9-ինԿարմիր հրապարակում կայանալիք շքերթին։ Դեսպանը հիշեցրեց՝ Բրոնիսլավ Կոմորովսկին պատճառաբանել է, թե Ռուսաստանի քաղաքականությունը սպառնում է հարևան երկրների անվտանգությանը։

«Մոսկովյան շքերթն ինքնին վտանգ չէ Լեհաստանի համար, բայց մենք ինքներս Գդանսկում նշելու ենք այդ օրը։ Այստեղ է սկսվել և ավարտվել Երկրորդ համաշխարային պատերազմը»,- եզրափակեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

Ավելի վաղ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիությանը հարկ կլինի հաստատել գործակցությունը գործընկերների հետ, որոնք չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը: Հարկավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել գործունեության ոլորտների ու իրավական կարգավորման մասին, ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, հայտարարել Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի մասին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ ասոցացման մասին համաձայնագրերն Արևելյան գործընկերության միջուկն են կազմում: «Հուսով ենք, որ մինչ Ռիգայի գագաթնաժողովի մեկնարկը, ասոցացման համաձայնագրերը կվավերացվեն ԵՄ երկրների մեծ մասում: Հավասարապես կարևոր է, որ գործընկեր պետությունների հասարակությունները դրական ուղերձ ստանան, ուստի Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում պետք է ներառվեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների առաջարկները»,-ասել է Ռինկևիչսը:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: