5 մայիսի 2015 - 11:25 AMT
Նախագահը կմեկնի Վաշինգտոն, այնուհետև` Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Սենատում: Վաշինգտոնում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ:

Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ավելի վաղ ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անպայմասն մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովրդի հաղթանակն է, խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել պատերազմին` ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից, 600 000 մեկնեց ռազմաճակատ, որից 314 հազարը զոհվեց: Ես գտնում եմ, որ ես անպայման պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին հայ ժողովրդի անունից»: