Թուրքիայում Բաթմանի նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Քոմք (Գոմք) եկեղեցու վերականգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտարարել է Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն՝ նշելով, որ եկեղեցու վերականգնումը կնպաստի գավառում զբոսաշրջության զարգացմանը:
«Այժմ Քոմք եկեղեցու վերականգման ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Եթե եկեղեցին վերականգնվի, ԱՄՆ-ից, Եվրոպայից հազարավոր մարդիկ կգան: Եթե այդպես լինի, ըստ իս, Փարիզին կգերազանցենք: Շահողները սասունցիներն են լինելու: Բաթմանի հյուրանոցների տերերը կշահեն, վարորդները կշահեն»,- ասել է նա, թուրքական Sondakika լրատվականին հղումով գրում է Ermenihaber-ը:
Գոմքը գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։ Գտնվում է Տալվորիկ գյուղից 12 կմ հյուսիս-արևելք` Խարզանի լեռնաշղթայի արևելյան կողմում։ Միջին դարերում եղել է գրչության կենտրոն։
Միևնույն ժամանակ մեկ այլ՝ պատմական Խարբերդ քաղաքում գտնվող կիսավեր բողոքական հայկական եկեղեցին պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել: Այն ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:
19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ: