14 սեպտեմբերի 2006 - 14:36 AMT
ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատում Նյու Յորքում Օսկանյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածության են հասել նրանց միջեւ երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ միջնորդների հանդիպումը Վ.Օսկանյանի հետ անցել է սեպտեմբերի 12-ին Փարիզում, իսկ Է.Մամեդյարովի հետ` մեկ օր անց Լոնդոնում: Ընդ որում նախօրեին ադրբեջանցի նախարարի հետ հանդիպումը տեւեց չորս ժամից ավել: Արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան կարգավորման գծով բանակցությունների հերթական փուլն ԱԳՆ ղեկավարների մակարդակով սեպտեմբերի 25-ին կամ 26-ին Նյու Յորքում հանդիպում անցկացնելու վերաբերյալ` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, հաղորդում է Day.az-ը:

Մինչդեռ, Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս չի հաստատում Նյու Յորքում Օսկանյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները: