6 մայիսի 2015 - 18:06 AMT
«Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը Բաքվում փակվել է

Բաքվում մայիսի 6-ին տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի հանձնման գործընթացը՝ պայմանավորված տարածքի վարձակալության ժամկետի ավարտով: Դատախազության քննիչ Սանան Փաշաևը բացել է դռներն ու աշխատակիցներին թույլ տվել վերցնել 2014 թվականի դեկտեմբերի 26-ից փակված գրասենյակի իրերը:

Ռադիոկայանի գրասենյակը մոտ 10 տարի շարունակ տեղակայված է եղել Caspian Plaza գործարար կենտրոնում, տեղեկացնում է Tert.am-ը contact.az-ին հղումով:

Խուզարկությունից հետո դատախազությունն այդպես էլ չէր վերադարձրել առգրավված գույքը, համակարգիչներն ու փաստաթղթերը:

2014-ի դեկտեմբերի 26-ին ոստիկանության ու դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազադլիգ» ռադիոկայանում, որն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բաժանմունքն է: Նման խուզարկություններ իրավապահ մարմիններն անցկացրել են նաև IREX և Ժողովրդավարության ազգային ինստիտուտի գրասենյակներում: Երկու կազմակերպություններն էլ փակվեցին:

Դիտորդների ու ռադիոկայանի աշխատակիցների կարծիքով՝ այդ լրատվամիջոցի հանդեպ հետապնդումը պայմանավորված է դրա իրականացրած հետաքննություններով՝ մասնավորապես իշխող ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին, որոնք իրականացրել էր ռադիոկայանի արդեն ազատազրկված թղթակից Խադիջա Իսմայիլովան։ 2014-ի դեկտեմբերի 5-ին կալանավորվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Նա տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: