14 սեպտեմբերի 2006 - 16:13 AMT
Աբդուլլահ Գյուլ. Անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը Ֆրանսիայի հայկական եւ թուրքական համայնքների միջեւ
«Թուրքիան չի միջամտի Ֆրանսիայի հարաբերություններին երրորդ երկրների հետ»,-Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «հայկական հարցը չպետք է խանգարի Թուրքիայի եւ Ֆրանսիայի` որտեղ բնակվում են շուրջ 400 հազար թուրքեր, երկկողմ հարաբերություններին»: «Մեր երկրները պետք է ամեն ինչ անեն թուլացնելու համար լարվածությունը Ֆրանսիայի հայկական եւ թուրքական համայնքների միջեւ»,-նշել է Գյուլը:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաեւ, որ մի քանի ամսից կմեկնարկի Ֆրանսիայում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ ձեւավորված հասարակական կարծիքի վերափոխմանն ուղղված քարոզարշավը: «Ֆրանսիայի կարծիքը շատ կարեւոր է Թուրքիայի համար, որը ցանկանում է դառնալ ԵՄ լիիրավ, այլ ոչ թե ասոցիատիվ անդամը: Թուրքիան երբեք բանակցություններ չէր սկսի ԵՄ հետ, եթե նախագահ Ժակ Շիրակը իր աջակցությունը չառաջարկեր անցյալ տարվա դեկտեմբերին»,-ասել է Գյուլը, գրում է «Զաման» թերթը: