8 մայիսի 2015 - 12:12 AMT
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են ադրբեջանական կողմում գերեվարված Արսեն Բաղդասարյանին, որին ադրբեջանական դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

Ինչպես ԱՊԱ-ին է ասել ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան, այցելությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Նա նշել է, որ այցելության նպատակը պայմանների դիտարկումն է եղել, ինչպես նաև կապի ապահովումը ընտանիքի անդամների հետ: ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում հայ սահմանախախտի և նրա ընտանիքի միջև:

Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը Արսեն Բաղդասարյանին դատել է որպես «դիվերսանտի»: Հավանաբար, Արսեն Բաղդասարյանը Ստեփանակերտում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների համար Բաքվի «վրեժի» զոհը դարձավ:

Ինչպես մայիսի 7-ին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին` Ադրբեջանի իշխանությունները փորձում են հակադրել նրան այն ոճրագործներին, որոնք հանցագործություններ են կատարել ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ցույց տալ, իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի տարածքում:

«Նպատակը մեկն է` հակադրել Արսեն Բաղդասարյանին այն հանցագործներին, որոնք իրական հանցագործություններ են կատարել Քարվաճառում, մարդկանց են սպանել և ոչ միայն»,- ասել է նախարարը:

2014-ի դեկտեմբերի 29-ին Ստեփանակերտի դատարանն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատապարտեց համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր նրանց փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել: Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Photo APA