8 մայիսի 2015 - 15:57 AMT
Ստամբուլի հայկական որբանոցի քանդման աշխատանքները մեկ ամսով կասեցվել են

Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, գրում է «Ակոս» շաբաթաթերթի կայքը: Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով, վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին, հայտնում է Tert.am-ը:

Օրերս հայտնի դարձավ, որ Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգում գտնվող Թուզլա գյուղի «Արմեն» հայկական որբանոցը կանգնած է քանդման վտանգի առջև: «Ակոս»-ի հաղորդմամբ՝ չնայած որբանոցը քանդելուն դեմ ուղղված բոլոր արշավներին՝ շինարարական մեքենաները վաղ առավոտյան գետնին են հավասարեցրել որբանոցի շենքը: «Թուրքիայի հայկական համայնքի՝ պետության կողմից խլված գույքից ամենավառ խորհրդանշական իմաստն ունեցող այս որբանոցը 1915 թվականից տուն է եղել բազում հայ որբերի, այդ թվում` Հրանտ Դինքի ու Ռաքել Դինքի, պատգամավոր Էրոլ Դորանի և 1500 այլ երեխաների համար»,- գրում է «Ակոս»-ը: Որբանոցի տարածքում նախատեսում են կառուցել շքեղ առանձնատներ:

Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա:

Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա: «Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն» հայկական ճամբար-որբանոցը քանդելու գործընթացին: «Հրանտ Դինքն ու Ռաքել Դինքը մեծ ներդրում են ունեցել այստեղ: Մարդիկ, երեխաները բառի բուն իմաստով իրենց ձեռքերով են կառուցել ցեղասպանությունից հետո տարբեր կողմերում ցրված հայերի երեխաների համար օջախ դարձած Թուզլայի ճամբարը, կամ, ինչպես ավելի հայտնի է, «Արմեն» ճամբարը: Սակայն չորեքշաբթի մի առավոտ մեքենաներ մտան և ճամբարի մի հատվածը հողին հավասարեցրին: Ակնհայտ էր, որ առանձնատներով շրջապատված ճամբարի գլխին մի բան էր գալու: Ո՞վ գիտի, գուցե առևտրի կենտրոն կամ նստավայր…Նոր ժամանակաշրջանին հարմար ինչ-որ բան: Մի ժամանակ այս հողերում հայերի ապրած լինելու փաստը ջնջող, մեր անցյալը, մեր ինքնությունը գողացող ինչ-որ բան:Եվ անշուշտ, օրինական մի բան, որ վերջում ձեռքերը կողմնակի պարզած ասեն՝ «Անելու ոչինչ չկա»:

1915-ին կատարվածի հարյուրամյակի, Հրանտին մեզնից խլելու 8-րդ տարում մեր վերքի վրա աղ լցրին: Այս հասարակությանը հիշեցրին, որ ինչ-որ բան երբեք չի փոխվել, այլ պարզապես նոր ձևակերպում է ստացելԵվ, անշուշտ, հիշեցրին, որ պետությունն ու իրավական համակարգը, անկառավարելի ջրի նման, ամեն անգամ ունեցվածք զավթելու, հանրության ձեռքից ինչ-որ բան խլելու, դեպի իրեն շրջելու ճամփով է գնում:

Այդ բնական ու կործանիչ ընթացքը խաթարելու համար անմարդկային ջանքեր են պետք: Այս պետությունն այսպես է ստեղծվել ու այդպես է աշխատում: Մեր իրական խնդիրը սա չէ՞ արդեն 100 տարի: Եվ արդեն ինչ-որ տեղից ինչ-որ բան սկսելու ժամանակը չէ՞ արդյոք»,-ասվում է հոդվածում: