8 մայիսի 2015 - 19:26 AMT
Նոտր-Դամի համալսարանի ուսանողները մոմավառությամբ հիշատակել են Ցեղասպանության զոհերին

Նոտր-Դամի համալսարանի ուսանողները հիշատակել են 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերին:Երիտասարդների նախաձեռնած հիշատակման արարողությունը մեկնարկել էր «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է Ցեղասպանության զոհ դարձած ազնվական հայ ընտանիքի մասին:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Աստվածաբանության պրոֆեսոր Մաքսվել Ջոնսոնը, որը խոսել է թե՛ քրիստոնեության վաղ շրջանում, թե՛ ներկայում նահատակների կարևորության մասին՝ մասնավորապես նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածներին, Today’s Catholic News պարբերականին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը: Նա ընդգծել է, որ «Քրիստոսի համար իրենց կյանքը տվածները մասնակցել էին ժառանգաբար Հաղորդության ծիսակատարությանը՝ իրենց զոհաբերելով որպես նշխար և գինի՝ մահվան միջոցով վերափոխվելով Նրան»:

Նա նաև կարևորել Հայ առաքելական եկեղեցու Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելու որոշումը:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասապանության նահատակները սրբադասվել են: Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել սրբապատկերները, մասունքների առջև խոնարհման կարգը կատարվել:

Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1.5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի:

Որպես 100 տարվա հիշատակ 15 ուսանող՝ յուրաքանչյուրը 1000 քայլով, խորհրդանշելով Ցեղասպանության 1.5 մլն զոհերին, համալսարանի գրադարանի դիմաց մոմեր են դրել՝ աղոթելով սրբադասված մահացածների համար:

Մեկ շաբաթ տևող հարգանքի տուրքն ավարտվել էր ապրիլի 27-ին «1915» ֆիլմի ցուցադրությամբ: