11 մայիսի 2015 - 16:27 AMT
Միջերկրական ծովի հատակին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ է տեղադրվել

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո, Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Բեյրութի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդի մասնակցությամբ Միջերկրական ծովի հատակին հայկական խաչ է տեղադրվել, հայտնում է aypoupen.com-ը։

Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Ցեղասպանություն վերապրած հայերը շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում ստեղծեցին ամբողջական ու բարգավաճող հայկական գաղթօջախ բազմազան և բազմաբնույթ ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով: Հայերը` Լիբանանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները և լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ շոշափելի ներդրումը ունեցան Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում:

Հայկական ջարդերի ժառանգները խաչը տեղադրել են 35 մ խորության վրա։ Խաչի տեղադրումը նվիրված է այն հայերի հիշատակին, ովքեր խորտակվել են գետերում և ծովերում՝ փախչելով 1915-ի կոտորածից։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին հարյուրավոր կրոնական առաջնորդներ, դեսպաններ, պաշտոնատարներ, և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները: Պաշտոնական արարողությունից հետո հուշահամալիրը բացվեց նաև քաղաքացիների համար. մարդկանց հոսքը դեպի անմար կրակը չէր դադարում 3 օր շարունակ: