12 մայիսի 2015 - 14:46 AMT
21 տարի առաջ ուժի մեջ մտավ ղարաբաղյան հակամարտության գոտում Հրադադարի մասին պայմանագիրը

21 տարի առաջ` 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ ղարաբաղյան հակամարտության գոտում անժամկետ Հրադադարի մասին պայմանագիրը:

1994 թվականի մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի և ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի արդյունքում Ադրբեջանի միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին 1994 թ. մայիսի լույս 9-ի գիշերը հրադադար հայտարարելու կոչով արձանագրությունը:

Մայիսի 9-ին Լեռնայում Ղարաբաղում ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց անժամկետ Հրադադարի մասին պայմանագիրը, որը նույն օրը Բաքվում ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամաեդրաֆի Մամեդովը: Մայիսի 10-ին պայմանագիրը Երևանում ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը Ստեփանակերտում: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ին ժամը 00:00-ին:

Անժամկետ հրադադարի մասին պայմանագրում մասնավորապես ասվում է.

Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչև ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար: Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին` Մոսկվայում, մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջվոր խմբի տեղակայումը:

3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:

4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր, ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից: