13 մայիսի 2015 - 11:28 AMT
Հրեական կոալիցիան դատապարտել է ծայրահեղականության դրսևորումները հայկական եկեղեցու դեմ

Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ ուշադրություն դարձնել ու համապատասխան միջոցներ ձեռնարկել հայկական եկեղեցու ու դրա անմեղ հավատացյալների դեմ բռնության կրկնվող միջադեպերին վերջ տալու համար», - նշված է հայտարարության մեջ, գրում է Tert.am-ը:

Երուսաղեմում հայկական եկեղեցու վրա թքելը, բղավելն ու գրաֆիտիներ անելն այնպիսի երևույթներ են, որոնք տեղ չունեն Սուրբ հողի հրեական ժողովրդավար պետությունում: Անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումները հակասում են Իսրայելի և հուդայականության հիմնարար արժեքներին»,- նշվում է հայտարարության մեջ:

Կոալիցիան պահանջել է, որ ոստիկանությունը ձերբակալի ու պատժի մեղավորներին և, այդպիսով, կանխի ապագայում նման դեպքերի կրկնությունը:

2014-ի հունիսի 15-ին Երուսաղեմի կենտրոնում: Դավթի աշտարակի մոտ, որը ոստիկանության բաժանմունքից երկու քայլի վրա է, մի խումբ հրեա օրթոդոքսներ ծեծեցին երկու հայ քահանայի՝ սարկավագ Կարապետին և աբեղա Շնորհք Բալոյանին:

Հայ եկեղեցականների հանդեպ նման միջադեպեր բազմիցս են տեղի ունեցել կրոնի մոլեռանդների մասնակցությամբ: Եվ եթե նախկինում դա արտահայտվում էր նրանց վիրավորելով և նրանց վրա թքելով, ապա այժմ դա վերածվել է ծեծի և նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի, քանի որ օրթոդոքսները համոզված են, որ նրանք դրա համար չեն պատժվի, ինչպես միշտ: Ոչ մի անգամ ոստիկանությունը գործ չի հարուցել այդ փաստերով և բոլոր մեղավորներն անպատիժ են մնացել:

«Ոչ մի տարի չի անցնում առանց նման միջադեպերի հայ եկեղեցականների կամ ճեմարանի սաների հանդեպ: Եթե Իսրայելի կառավարությունն այդքան զբաղված է համաշխարհային հակասեմիթականության դեմ պայքարով, որ մոռացել է, որ իր տարածքում նաև այլ ժողովրդներ են ապրում»,-գրել է «Նոյան տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին: