13 մայիսի 2015 - 12:06 AMT
Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի հաճախ հանդիպել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: «Ուրախ էի ողջունել Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք կարողացանք այս երեկո զրուցել ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ», - Twittert-ի իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը:

«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում», - նշել է Ուորլիքը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դիվանագետի խոսքով՝ միջնորդների դերը հենց բանակցությունների շրջանակների նախապատրաստումն է․ «Այնպես որ, մենք շուտով տարածաշրջան կայցելենք՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով»: Դրական գնահատելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները՝ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ իր տպավորությամբ՝ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ կարգավորման հասնել: «Ես հավատում եմ, որ թե՛ նախագահ Սարգսյանը և թե՛ նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով լուծումը գտնել այս հակամարտության՝ հակամարտության, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում և որն արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել», - հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուորլիքի խոսքով՝ տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին անգամ հանդիպել են 2014-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում՝ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա Ֆրանսիայի նախագահի հետ եռակողմ ձևաչափով: 2014 թվականին սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումն էր։ Առաջինը օգոստոսի 10-ին էր Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մյուսը՝ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: