13 մայիսի 2015 - 13:44 AMT
ՆԱՏՕ-ում հուսով են՝ ղարաբաղյան կարգավորման քաղաքական գործընթացն արդյունավետ կլինի

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացն արդյունավետ կլինի` հավելելով, որ ՆԱՏՕ-ն անմիջական մասնակցություն չունի հակամարտության խաղաղ կարգավորման որոնումների գործընթացին: «Մենք սատարում են Մինսկի գործընթացին: Միևնույն ժամանակ մենք մտահոգված ենք իրավիճակի վատթարացմամբ շփման գծում»,-ասել է Ապատուրայը:

Ըստ նրա, ՆԱՏՕ-ն կարող է միայն օժանդակ դեր ունենալ, պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչների, դիվանագետների և զինվորականների շփումների համար բազմակողմ հանդիպումների շրջանակում: «Հուսով եմ, որ այդպիսի շփումները դրական ազդեցություն կունենան, ես ուրախ կլինեի տեսնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպում են Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում»,-հավելել է Ապատուրայը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ավելի վաղ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարեց, որ դաշինքը դերակատարություն չունի ղարաբաղյան կարգավորման մեջ: «Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի որոշակի դերը կարող է նպաստել առաջխաղացմանը, սակայն ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորմանն ուղղված ջանքերին»,-ասել էր նա:

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում, որը կայանալու է մայիսի 21-22-ին: «Լեռնային Ղարաբաղի պարագայում ընթանում է այսպես կոչված Մինսկի գործընթացը, որտեղ նախագահում են մեր անդամ երկրներից մեկը` Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները: Սա այն սակավաթիվ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»: «Մենք միանգամայն վստահ ենք, որ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերները բոլոր ջանքերը գործադրում են կարգավորման համար: Սակայն, ցավոք, դա շատ բարդ հարց է»,-ասել է եվրոպացի պաշտոնյան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը