13 մայիսի 2015 - 13:24 AMT
Հետազոտություն. ՀՀ դպրոցական կրթական համակարգն աշխարհում արդյունավետությամբ 50-րդն է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հատուկ հետազոտություն է անցկացրել`գնահատելու համար դպրոցական կրթության արդյունավետությունը տարբեր երկրներում: Հիմք են ծառայել աշխարհի 76 պետություններում անցկացված թեստային ստուգումները մաթեմատիկայից և բնագիտությունից: Հետազոտության արդյունքներով Հայաստանի դպրոցական կրթական համակարգը 50-րդ տեղում է հայտնվել:

Ընդ որում Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Թուրքիային, որը 41-րդ տեղում է: Վրաստանն ու Իրանը զբաղեցրել են 59-րդ և 51-րդ հորիզոնականները համապատասխանաբար: Ադրբեջանն ընդհանրապես ընդգրկված չի եղել հետազոտության մեջ: Աշխարհում ամենաարդյունավետ դպրոցական համակարգ ունեցող երկիր է ճանաչվել Սինգապուրը:

Թեստերը ցույց են տվել, որ լավագույն արդյունքները ցույց են տալիս Ասիայի երկրների դպրոցականները: Երկրորդ տեղում են Հոնկոնգի ներկայացուցիչները, հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը: Եվրոպական պետություններից ամենաբարձր ցուցանիշն ունի Ֆինլանդիան` 6-րդ տեղը, Ռուսաստանը 34-րդն է: Վարկանիշի վերջին հորիզոնականում Գանան է:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Co-operation and Development, OECD) զարգացած երկրների միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը ճանաչում է ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության սկզբունքները: Ստեղծվել է 1948-ին որպես Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպություն (Organisation for European Economic Co-operation, OEEC) Եվրոպայի տնտեսական վերակառուցման նախագծերի համակարգման համար: