16 սեպտեմբերի 2006 - 14:55 AMT
Հայաստանի ղեկավարը նշել է արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
Հայաստանաի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, ովքեր Երեւանում են դեսպանների ամենամյա հավաքի առիթով, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանը կարեւորել է այս հանդիպումները` նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ընթացիկ ճշգրտումներ կատարել Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը խոսել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների մասին եւ ասել, որ դրանց առաջ մղելու գործում անհրաժեշտ է դրսեւորել առավել մեծ ակտիվություն: Նախագահը կարեւորել է նաեւ արտաքին տնտեսական կապերի ընդլայնման աշխատանքները` նկատելով, որ բոլոր երկրներում չէ, որ մեր դեսպանները լիարժեք իրացնում են տնտեսական համագործակցության ներուժը: Անդրադարձ է կատարվել նաեւ օրերս մեկնարկելիք «Հայաստան-Սփյուռք» համաժողովին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ համաժողովի օրակարգում մի շարք կարեւորագույն հարցեր կան, որոնց շուրջ լուծումներ գտնելը կօգնի հաջորդ տարիներին աշխատել առավել համակարգված:
Նախագահը հանդիպման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Վասիլի Ղազարյանին եւ Կարինե Ղազինյանին հանձնել է Մխիթար Գոշի մեդալ: