13 մայիսի 2015 - 16:53 AMT
Fitch վարկանիշային կազմակերպությունն Ամերիաբանկին «B պլյուս» վարկանիշ է շնորհել

Fitch միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR)), հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական զարգացումները: Այսպիսով` առաջին անգամ հայկական ընկերությանը տրվում է իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է յուրաքանչյուր ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշ: Նման վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և բանկի հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում սակավաթիվ ընկերություններ ունեն միջազգային վարկանիշային ընկերությունների կողմից ստացված վարկանիշ, իսկ մասնավորապես Fitch կազմակերպության վարկանիշ ունի միայն Ամերիաբանկը: Այն տրվել է` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ, մասնավորապես` բարձր մրցակցության պայմաններում ընկերության առաջատար դիրքը և մասնաբաժինը շուկայում, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների կայուն աճը, առևտրի ֆինանսավորման, ավանդների ցուցանիշները, վարկային պորտֆելի որակը, ակտիվների և կապիտալի շահութաբերության մակարդակը, ինչպես նաև մի շարք այլ ցուցանիշներ:

Վարկանիշի ստացումը վկայում է Ամերիաբանկի բաց ու թափանցիկ գործունեության մասին: Fitch վարկանիշային կազմակերպությունն աշխարհի 3 խոշոր վարկանիշային ընկերություններից մեկն է, որը վարկանիշ է շնորհում պետություններին, միջազգային կառույցներին և տարբեր ոլորտի ընկերություններին ողջ աշխարհում: ԱՊՀ երկրների շարքում Fitch-ը վարկանիշ է սահմանել 116 ֆինանսական կազմակերպությունների և մի շարք այլ ընկերությունների համար: