14 մայիսի 2015 - 18:43 AMT
Թուրք պատմաբան. Թուրքիային ժամանակ է պետք, որ քաջություն ունենա ճանաչել Ցեղասպանությունը

Հայերն ու թուրքերը կկարողանան խաղաղ ապրել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ասել է «Այլ պատմություն» գրքի հեղինակ, թուրք պատմաբան և լրագրող Այշե Հյուրը, գրում է Barev Today-ը:

Բոլորովին վերջերս աշխարհի հայերը հիշատակել են իրանց պատմությանողբերգական իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցը: Հիշատակման արարողություններն ամենուր էին, այդ թվում՝Թուրքիայում Պատասխանելով 2015 թվականի ապրիլի 24-ից հետո իրավիճակի մասին հարցին, Հյուրն ասել է. «Այն մասին, որ հայ ժողովուրդը 1915 թվականին ենթարկվել էր սպանությունների և տեղահանումների, խոսում են ոչ միայն Հայաստանում և ոչ միայն հայերը: Թուրքիայում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքը նույնպես փոխվել է, հատկապես վերջին 15-20 տարիների ընթացքում: Պատմաբանները մեծ կարևորություն են տալիս այդ թեմային, և այժմ մենք փորձում ենք ուսումնասիրել այն ոչ թե թուրքական տեսանկյունից, այլ օբյեկտիվ մասնագետների, որպեսզի հասկանանք՝ ինչ էր տեղի ունեցել դար առաջ: Այնուամենայնիվ, Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքման ամբողջական քաղաքականություն չկա: Պաշտոնական մակարդակով այն, իհարկե, պահպանվել է, սակայն ժողովրդի և հասարակության մեջ իրավիճակն այլ է»:

Այս իրավիճակը սակայն լրագրողի կարծիքով չի կարող հանգեցնել մոտ ժամանակներում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Թուրք հասարակությանը ժամանակ է պետք, շատ ժամանակ, որպեսզի քաջություն ունենա ընդունելու այդ փաստը, ասել է նա: Չի բացառվում, որ մի օր Թուրքիան կանի դա, սակայն դա կլինի այլ Թուրքիա՝ այլ առաջնություններով և այլ արժեքներով: Հայերը շատ ուժեղ են: Նրանք սարսափների միջով են անցել, սակայն մնացել են ուժեղ և շարունակում են պայքարել: Կգա մի օր, երբ նրանք կհասնեն արդարությանն իրենց, իրենց նախնիների և ապագա սերունդների համար:

Ինչպիսի՞նն են Թուրքիայում հայերի հարաբերությունները թուրքերի հետ՝ հաշվի առնելով երկու ազգերի միջև թշնամական հարաբերությունները հարցին պատասխանելով Հյուրն ասել է.«Թուրքիայում հայերն իսկապես շատ են: Միշտ էլ այդպես էր: Մենք դարավոր հարևաններ էինք, և դա շարունակվում է առ այսօր: Թշնամությունը չի կարող հարատև լինել: Մի օր մենք պետք է բացենք սահմանները և խաղաղությամբ ապրենք: Թուրքիայում ապրող հայերը մի փոքր այլ կերպ են նայում այդ հարցերին: Նրանք ամենաշատը խաղաղություն են ցանկանում: Եվ դա արդարացված է: Նրանցից շատերը հենց Թուրքիայում են ծնվել, նրանց կլանել է այդ մշակույթը, սակայն նրանք միաժամանակ հավատարիմ են իրենց ազգին ու կրոնին: Հայերի և թուրքերի միջև հաճախ են հանդիպում խառնամուսնությունները: Դա առիթ է խորհելու և վերջապես հասկանալու, որ մենք ցանկանում ենք ապրել խաղաղ և բարեկամական մթնոլորտում: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Դրա համար ժամանակ է պետք. ժամանակ հաշտվելու համար»:

Խոսելով իր հեղինակած «Այլ պատմություն» գրքի մասին, Հյուրն ասել է, որ այն ոչ միայն 1915-ի իրադարձությունների մասն է. « Գրում եմ երկար մի ժամանակաշրջանի մասին՝ Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման ողջ ընթացքի մասին (խմբ. ծնթ. – Օսմանյան կայսրության սուլթան 1842-1918թթ.): Շուտով կհրատարակվի նաև երկրորդ հատորը, որում պատմությունը շարունակվում է արդեն 1918 թվականից: Գրքում կլինեն գլուխներ Սևրի և Լոզանի պայմանագրերի մասին (խմբ. ծնթ. – Առաջին համաշխարհայինից հետո Թուրքիայի հետ կնքված հաշտության պայմանագրեր): Առաջին հատորը բավականին հետաքրքիր էր: Շատ բան կարելի է իմանալ Թուրքիայի պատմությունից, հատկապես ինչի մասին սովորաբար շատ քիչ են խոսում: Այդ պատճառով գիրքս կոչվում է «Այլ պատմություն»: Մենք շատ բաների մասին ենք լռում, և դա սխալ է: Պետք է նայել սեփական պատմության աչքերին և ճանաչել անցյալի սխալները: Հենց դա է հզոր Թուրքիայի հաջողության բանալին»: