18 սեպտեմբերի 2006 - 14:25 AMT
ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է թիվ մեկ գերխնդիրը լինի ողջ հայության համար
«Արցախյան հերոսամարտը եւ դրան հաջորդած բանակցային գործընթացը Անկախության մեր տարիների անբաժանելի տարրն է»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք երրորդ համաժովի բացմանը: Նա նշել է, որ մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: «Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց»,-նշել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չկա, քանի որ պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով:

«Մեր դիրքորոշումը հետեւյալն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է: Նրա կազմավորման իրավական հիմքերն` անխոցելի: Երկրի տնտեսությունը զարգանում է կայուն, խորանում են ժողովրդավարական բարեփոխումները: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի: Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: