15 մայիսի 2015 - 16:35 AMT
Մոտոցիկլեր, հրավառություններ, կործանիչներ. Երևանում ցերեկային աղմուկի խնդիրը

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բաց պատուհաններից քաղաքային աղմուկի խնդիրը սրում են մոտոցիկլերի մի քանի անգամ բարձր դեցիբելերը, պարբերաբար նաև Երևանի երկնքում թռչող կործանիչներն ու ավելի հաճախ հրավառությունները:

ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180-րդ հոդվածով հասարակական վայերում լռության խախտումը սահմանափակված է միայն գիշերվա ժամերին: Սահմանված է, որ հասարակական վայրերում լռության խախտումը գիշերը (ժամը 22:00-ից մինչև 06:00-ն), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները` առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Իսկ մարտի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիում կտուգանեն նաև ցերեկային աղմուկի համար: Վրաստանի մայրաքաղաքում աղմուկի կարգավորման մասով փոփոխությունների նախագծով նախատեսված փոփոխություններով ժամը 07:00-23:00-ն քաղաքում թույլատրելի է համարվում 40 դեցիբել աղմուկը, ժամը 23:00-07:00-ն՝ 30 դեցիբելը: Կանոնների խախտման դեպքում ցերեկային ժամերին ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարի՝ մոտ 70 դոլար, իրավաբանական անձը՝ 500 լարի՝ 230 դոլար: Գիշերային ժամերին տուգանքն ավելի մեծ կլինի: Այսպես՝ ֆիզիկական անձանց համար գիշերային ժամերին տուգանքը կկազմի 300 լարի՝ 138 դոլար, իրավաբանական անձանց համար՝ 1000 լարի՝ 460 դոլար: Խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կլինի կրկնակի: