16 մայիսի 2015 - 11:20 AMT
Հայաստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:21-ին ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցը 2.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել, որի էպիկենտրոնը Հայաստանի տարածքում է:

ՏԿԱԻՆ փոխանցմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.500 և արևելյան երկայնության 44.140:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:

Վերջին երկրաշարժը ՀՀ տարածքում գրանցվել էր մարտի 24-ին, ուժգնությունն էպիկենտրոնում 3.7 մագնիտուդ էր:Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Մինչև այդ ևս մեկ երկրաշարժ ՀՀ-ում զգացվել էր հունվարի 8-ին՝ Քաջարանում՝ 5 բալ, Կապանում և Սիսիանում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ում 4 բալ, Կապանում և Սիսիանում` 2-3 բալ ուժգնությամբ:

Կարդացեք նաև՝ Եզակի դիտարանը հետևում է սեյսմիկ ակտիվությանը Հայաստանում