16 մայիսի 2015 - 12:55 AMT
ԶԼՄ-ներ. Հայաստանը` «Եվրատեսիլի» ամենակրեատիվ մասնակից

«Եվրատեսիլը» եվրոպական երգի մրցույթից վաղուց արդեն երաժշտական միջոցառումից վերածվել է «ով ավելի շատ կզարմացնի» մրցույթի: Անցյալ տարի արտառոց կերպարի առաջնությունն ու «Եվրատեսիլի» գլխավոր մրցանակը բաժին ընկան մորուքավոր կնոջը: Կոնչիտա Վուրստի սկանդալային փառքը ստվերելու համար Մայիսի 19-23-ը Վիեննայում կայանալիք հոբելյանական մրցույթի մասնակիցները պետք է լրջորեն աշխատեին իրենց երևակայության վրա, գրում է T7-inform.ru-ն:

Ինչպես գրում է պարբերականը, Հայաստանն անվանում են «Եվրատեսւիլի» ամենակրեատիվ երկիրը: Այս տարի նրա ներկայացուցիչները որոշել են անդրադառնալ պատմական հայտնի թեմային: «1915-ին հայերից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքն ու սփռվել աշխարհով մեկ: Որոշվեց այս գաղթականների սերունդներին հավաքել մի խմբում` ընդգծելով ազգի միասնության գաղափարը: Ծագումով 5 հայ երաժիշտներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ասիայից, Ավստրալիայից և Եթովպիայից հայտնի հայաստանցի երգչուհի Ինգա Արշակյանի հետ միասին խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը: Խումբն անվանել են «Ծագումնաբանություն»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է նաև ֆիննական Pertti Kurikan Nimipaivat խումբը, որի անդամներն իրենց անվանում են «մտավոր սահմանափակություններով ռոքերներ»: Նրանց մեծ մասը տառապում է գենոմային պաթոլոգիաներից, օրինակ, խմբի մենակատարը Դաունի սինդրոմից է տարապում:

«Եվրատեսիլի» «զարմանալի» մասնակիցներից է նաև Հունաստանի ներկայացուցիչ Մարիա-Էլենա Կիրիակուն` մասնագիտությամբ ուսուցչուհի: Նա հունական գրականության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետ է և որոշ ժամանակ աշխատել է ըստ մասնագիտության: «Իսկ զուգահեռաբար զբաղվել է երաժշտությամբ, մասնակցել է «Հունաստանի ձայնը» շոուին և ստացել է գլխավոր մրցանակը: Հավելենք նաև, որ Մարիա-Էլենան երեք որդիների մայր է: Ինչպես է նա ամեն ինչ հասցնում, հանելուկ է շրջապատի համար: Կիրիակուն խոստովանում է, որ մանկուց երկու երազանք է ունեցել` մասնակցել «Եվրատեսիլին» և հանդիպել Սելին Դիոնին: Այնպես որ, կեսն արդեն իրականություն է»:

Լեհաստանում հայտնի Varius Manx խմբի մենակատար Մոնիկա Կուշինսկան 9 տարի առաջ ավտովթարի ենթարկվեց ու այժմ հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում: Այնուամենայնիվ, Մոնիկան շարունակում է ակտիվորեն զբաղվել երաժշտությամբ, իսկ ազատ ժամանակ մասնակցում է կազմակերպությունների աշխատանքին, որոնք օգնում են հաշմանդամ մարզիկներին վերականգնվել: «Եվրատեսիլին» մասնակցելու լուրը շոկային էր նրա համար: «Առաջին րոպեներին ես ուզում էին փախչել»,-ասում է նա: Սակայն, կարողացավ «սթափվել» ու այժմ մտադիր է մրցույթում «սիրո ու արդարության կամուրջներ» կառուցել և ուշադրություն հրավիրել սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների վրա:

Պարբերականը նշում է, որ դեռևս շոուի ֆավորիտներ են համարվում Իտալիան և Շվեդիան, որոնց մասնակիցները շեշտը չեն դրել քաղաքական, ազգային կամ այլ խնդիրների վրա, այլ ուղղակի լրջորեն զբաղվում են վոկալով:

Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խումբը կատարելու է «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:

Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա մայիսի 19-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին:

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցելու մասին հայտարարեց 2005-ին, սակայն ավելի ուշ հետ կանչեց հայտը: 2004 թ. ապրիլի 14-ից Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Առաջին անգամ մասնակցել է մրցույթին 2006 թ., առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Երգը հասավ եզրափակիչ, 2006թ. մայիսի 20-ին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ նշանավորելով Հայաստանի հաջող մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանին չհաջողվեց դուրս գալ Եվրատեսիլի եզրափակիչ 2011 թ.` Հայաստանը ներկայացնող Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար:

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ոնեցավ Մալմյոում։

2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3ի Not Alone երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։