18 մայիսի 2015 - 11:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
23 տարի առաջ ազատագրվեց Բերձորը. «Կյանքի ճանապարհը» բացվեց

23 տարի առաջ` 1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Լաչին քաղաքը` Բերձորը, որը Ղարաբաղը Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհ է:

Մինչև Լաչինի ազատագրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ծանրագույն տնտեսական շրջափակման մեջ էր: Դադարեցվել էր էլեկտրա- և գազամատակարարումը: Անհրաժեշտ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի մատակարարման և միակ շատ վտանգավոր տարբերակը օդային ճանապարհն էր` «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով: Այլ ելք չկար. «Կյանքի ճանապարհը» պետք էր ազատագրել:

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը Շուշիի ու Լաչինի միջև է գտնվում: Այստեղ էին կուտակված հայկական զորքերի կենդանի ուժն ու տասնյակ զրահամեքենաներ: Մայիսի 13-ի առավոտյան ինտենսիվ հրթիռակոծության ու գնդակոծության ենթարկվեցին Աղդամն ու Ֆիզուլին, ինչպես նաև Բարդա քաղաքը: Նույն օրը սկսվեց Լաչինի գրոհը: Հայկական կողմը վերջնագիր ներկայացրեց. Լաչինի բնակիչները պետք է հեռանան մեկ շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում հայկական կողմը կսկսի հարձակումը Լաչինի վրա Հայաստանի Գորիսի շրջանի կողմից:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային ու դիրքային առավելություն, ետ մղեցին հարձակումը: Գյուլաբլուի բարձունքից հակառակորդի բանակը գնդակոծում էր Ստեփանակերտի ու այլ հայկական բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը:

Մայիսի լույս 18-ի գիշերը Լաչինում բնակվող քրդերի զինված ջոկատները գրավեցին Լաչին շրջկենտրոնը: Մայիսի 18-ի կեսօրին Լաչինի շրջանում մարտերը շարունակվում էին ոչ միայն հայկական ու ադրբեջանական ուժերի, այլ նաև քրդերի ու ադրբեջանական բանակի միջև: Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը, սակայն, հերքեց քրդերի ու ադրբեջանցիների միջև բախումների փաստը, անվանելով դա «հայկական կողմի քարոզչություն»:

Մայիսի 17-ին հայկական ուժերը ետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցում էր շուրջ 1000 զինվոր, 20 տանկ ու այլ զրահատեխնիկա: Ռազմական իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվեց: Գորիսի Ներքին գործերի շրջանային բաժնից հայտնեցին, որ Կուբաթլիի կողմից դեպի Լաչին է շարժվում տանկերի շարասյունը, իսկ հակառակ ուղղությամբ՝ բեռնատար մեքենաների հոսք է, որոնք տարհանում են Լաչինի բնակիչներին, որը վերածվել էր լավ ամրացված հենակետի: Մայիսի 12-ին և 13-ին «Գրադ» կայաններից գնդակոծվում էին Գորիսը, Կապանը, Բերդն ու այդ շրջանների տանսյակ գյուղեր, կային սպանվածներ ու վիրավորներ: Այդ շրջաններից սկսեցին տարհանել բնակչությանը:

Ըստ ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի տվյալների, վերջին օրերին Լաչինում փոխհրաձգություն էր տեղի ունենում այնտեղ գտնվող Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինված ջոկատների ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տանելով իրենց հետ տեղի բնակչությանը, սկսեցին շտապ լքել Լաչինը: Մայիսի 19-ի դրությամբ այդ բնակավայրը գործնականում ամայի էր՝ մնացել էին միայն մի քանի քուրդ ընտանիքներ: Քաղաքում տեսանելի էին քրդերի ու ազերիների միջև բախումների հետքերը:

Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանի առավոտվա նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը բաց է: Մայիսի 18-ի երեկոյան Լաչինի անկումը խոստովանեց Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:

Այսօրվա Բերձորը Քաշաթաղի շրջանի կենտրոնն է 9800 բնակիչներով: Քաղաքը կառուցվում է, վերականգնվել է երկրագիտական թանգարանը, որտեղ հավաքված են ոչ միայն վերջին հարյուր տարվա նմուշները, այլ նաև հին ժամանակների ցուցանմուշներ: 2010 թվականի աշնանը շրջանի տարածքում հայտնաբերվեց մի գանձ, որտեղ կար 112 իր ոսկուց, արծաթից ու բրոնզից: Այն տեղափոխվեց Հայաստան ու հայտարարվեց ազգային արժեք: Այժմ իրերը պահվում են Հայաստանի Պատմության թանգարանում:

Քաշաթաղի շրջանը հիշատակվում է Րաֆֆու «Դավիթ-բեկ» վեպում, Քաշաթաղն այնտեղ նշված է որպես Մեծ Հայքի Սյունիքի շրջանի մի մասը:

ՖՈՏՈՇԱՐՔ