18 մայիսի 2015 - 16:53 AMT
Թուրք հաքերները կոտրել են Գերմանիայի կառավարական կայքերը` բողոքելով Ցեղասպանության ճանաչման դեմ

«Թուրք հաքերների թիմ» ցանցահենների կազմակերպությունն այս անգամ թիրախ է ընտրել Գերմանիայի կայքերը, տեղեկացնում է Haber 7 կայքը: Թուրքական խմբավորումը մոտ 300 կառավարական կայք է կոտրել: Պատճառը, ինչպես ներկայացնում են կառույցի անդամները, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, հայտնում է Tert.am-ը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձավ այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը:

Թուրքիայի արտգործնախարարությունը ապրիլի 24-ի ուշ երեկոյան քննադատել է նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի արած հայտարարությունները։

«Մեր հարձակումներն ուղղված են այսպես կոչված՝ ցեղասպանության կոմեդիան ընդունող երկրների դեմ: Հայաստանի և Ավստրիայի պետական կայքերը կոտրելով՝ մենք ցույց տվեցինք, որ մեր խոսքի տերն ենք: Սրանից հետո էլ, քանի դեռ մենք ողջ ենք, մեր արձագանքը տեսնելու եք»,-ասել են հաքերային թիմի անդամներն ու մեջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը:

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ գումարվեց, որի ժամանակ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցը: Հարցի շուրջ քվեարկությունը հետաձգվեց մինչև հունիս:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանականերում հանդիպել է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների հետ: Դավութօղլուն խոսքն ուղղել է Գերմանիայի խորհրդարանին. «Նրանք, ովքեր փորձում են Հայոց ցեղասպանության պնդումների միջոցով մեզ պատմության դասեր տալ, մենք ասում ենք, որ մենք Անատոլիայի ժողովուրդների, այդ թվում` հայերի հետ 1.000 տարի միասին ապրել ենք: Մենք լավ գիտենք, թե նրանց հետ ինչպես ենք խոսելու ու պատմությունը քննարկելու: Բոլոր երրորդ կողմերին, անկախ նրանից, թե ովքեր են, կոչ ենք անում ստվեր չգցել: Մենք լավ գիտենք` ում հետ որտեղ և ինչպես ենք խոսելու»: