19 մայիսի 2015 - 11:33 AMT
Իրանի էներգետիկայի փոխնախարար. Իրանը, ՀՀ-ն և Վրաստանը կգործակցեն էներգետիկայի ոլորտում

«Իրանը, Հայաստանը և Վրաստանն առաջիկայում էներգետիկայի ոլորտում կարող են համագործակցել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆելահիանը:

Իրանի էներգետիկայի փոխնախարարը վրացի իր գործընկերոջ` Մարիամ Վալիշվիլիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում Իրանի, Հայաստանի և Վրաստանի համագործակցությանը, նշել է, որ առաջիկայում Իրանը Հայաստանի միջոցով կարող է Վրաստանի հետ էներգառեսուրսների փոխանակում իրականցնել, հայտնում է Panorama.am-ը:

Իրանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ վարկի տեսքով իրանական բանկերի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքում 170 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ կկառուցվի, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարվա ընթացքում:

2014-ի ավարտին Թեհրանում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք կնպաստեն հայ-իրանական տնտեսական գործակցության ակտիվացմանը: Հայ-իրանական էներգետիկ ծրագրերից կարևորվում է 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության ծրագիրը, որը հնարավորություն կտա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 350 ՄՎտ-ից հասցնել միչև 1200 ՄՎտ-ի:

«Իրանական կողմի հետ պայմանավորվեցինք շինարարությունը սկսել 2015 թվականի մարտին և այն ավարտել 18 ամսվա ընթացքում: Այդ գծի շինարարությունը հնարավորություն կտա Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի առաքումը ներկայիս 1մլրդ 200մլն կվտ/ժ-ից հասցնել մինչև 7 մլրդ. կվտ/ժ»,- ասել է Երվանդ Զախարյանը:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: