Ամերիկյան Google կորպորացիան մտադիր է լուսանկարների ներբեռնման, մշակման, փոխանակման և զետեղման նոր ծառայություն գործարկել, որը կապված չի լինի Google+ սոցցանցի հետ: Այդ մասին հայտարարել են ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրները:
Նոր գործիքը թույլ կտա օգտատերին լուսանկարներ տեղադրել Facebook-ում, Twitter-ում և, հավանաբար, կներկայացվի Google-ի ծրագրային ապահովման հեղինակների ամենամյա համաժողովում, որը մայիսի 28-ին կմեկնարկի Սան Ֆրանցիսկոյում:
Նոր գործիքը թույլ կտա որոնողական հսկային մրցակցել այլ ընկերությունների հետ, մասնավորապես, Facebook-ի, որին պատկանում է լայն տարածում ստացած Instagram ծառայությունը:
Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը:
Instagram-ը լուսանկարներ տարածելու անվճար հավելված է սոցցանցի տարրերով, որը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր փոխանակել, անել ակնթարթային լուսանկարներ, տարածել դրանք իր ծառայության կամ այլ սոցցանցերի միջոցով: 2012-ի ապրիլին Facebook-ը գնեց այն` վճարելով 300 մլն դոլար և ընկերության 23 մլն բաժնետոմսով, ինչն ընդհանուր առմամբ կազմեց 1 մլրդ դոլար:
Ընթերցեք նաև. Առանց վարորդի երթևեկող Google-ի մեքենաները դուրս կգան հանրային ճանապարհներ