20 մայիսի 2015 - 12:33 AMT
Թուրքերը մտադիր են Ուրֆայի հայկական եկեղեցին զբոսաշրջային վայր դարձնել

Ուրֆայի շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող Գերմուշի լեռների ստորոտին գտնվող հայկական եկեղեցին դիմադրում է ժամանակին, գրում է թուրքական Star կայքը: Շրջանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրենի թեկնածու Այդըն Արսլանն ասել է, որ եկեղեցին զբոսաշրջային վայր դարձնելու համար աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ախոռի վերածված եկեղեցու վիճակը տեսած քաղաքացիները հայտարարել են, որ այն վնաս է հասցնում Ուրֆայի զբոսաշրջությանը: Շրջկենտրոնից 10 կմ հեռավորությամբ գտնվող եկեղեցու այցելուները նշել են, որ այն չափազանց կեղտոտ է և կենդանիների թրիքի պատճառով մտնել հնարավոր չէ։

Այն վերակառուցելու նախագիծ է ներկայացվել, և առաջիկայում դա հավանաբար տեղի կունենա: «Տարածքում նաև հնագիտական պեղումներ են իրականացվելու»,- ասել է նա:

Դաղեթեղի թաղամասի 85-ամյա նախկին թաղապետ Մանսուր Օզդեմիրն ասել է, որ տարիներ շարունակ եկեղեցին ու հարակից կառույցները պահպանել է փորձել, սակայն գանձ որոնողները փոսեր են փորել՝ վնասելով եկեղեցին:

Նախկին թաղապետը նշել է, որ առաջ որոշ հայ ընտանիքներ են եղել շրջանում, սակայն նրանք ավելի ուշ նախընտրել են գնալ Սիրիայում գտնվող իրենց ազգականների մոտ:

Օզդեմիրը նշել է, որ տարիներ շարունակ փորձել են պահպանել եկեղեցին, սակայն դա հնարավոր չի եղել, քանի որ այն գյուղից դուրս է գտնվում:

Ավելի վաղ Hye Tert-ը գրել էր, որ Ուրֆա շրջանի Գերմուշ գյուղում գտնվող հայկական եկեղեցու վիճակն այցելուների զայրույթի պատճառն է դարձել: Ո՛չ զբոսաշրջության վարչությունը, ո՛չ քաղաքապետարանը եկեղեցին զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Պատմական Խարբերդ քաղաքում գտնվող կիսավեր բողոքական հայկական եկեղեցին պատրաստվում են քանդել և տեղում հյուրանոց կառուցել: Այն ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո անխնամ մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ: