21 մայիսի 2015 - 12:19 AMT
Ղրղզստանի նախագահն ավարտել է ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրերի վավերացումը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մայիսի 21-ին ստորագրել է նախօրեին երկրի խորհրդարանում ընդունված Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի անդամակցության մասին միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը:

2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը:Փաստացի անդամակցումը տեղի կունենա միավորման բոլոր անդամների կողմից վավերացման գործողությունների ավարտից հետո:

«Մենք լավ պայմաններ ապահովեցիքն, միայն դրանից հետո պայմանագիրը ստորագրվեց: Անդամակցումը ԵՏՄ-ին ղրղզական ապրանքների համար կբացի մոտ 200-միլիոնանոց շուկա»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, Ղրղզստանը կդադարի լինել «սպեկուլյատիվ տնտեսությամբ երկիր» և կսկսի դինամիկ զարգանալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2015-ի մայիսի 20-ին Ղրղզստանի խորհրդարանն ընդունեց ԵՏՄ-ին անդամակցության միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ` 2-ը:

Խորհրդարանի խոսնակ Ասլիբեկ Ժեենբեկովն ասաց, որ «դա ճակատագրական որոշում է, որը պատմական կլինի պետության ապագայի համար: Մենք ճանապարհ ենք բացում նոր տնտեսական հնարավորությունների համար»: Այժմ ասաց նա, պայմանագիրը պետք է վավերացնեն ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղրղզստանի խորհրդարանը նամակներ կուղղի ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարաններին` խնդրելով արագացնել ԵՏՄ-ին իրենց երկրի անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացումը: Այդ մասին մայիսի 20-ի նիստում հայտնել է խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը: Պատգամավորները քննարկել են ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագրի վավերացման օրինագիծը: Ղրղզստանի վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ վավերացման գործընթացները Ղազախստանում և Ռուսաստանում արդեն սկսվել են` հավելելով, որ վարչապետների առաջիկա հանդիպմանը նա կդիմի վավերացման գործընթացն արագացնելու խնդրանքով:

«Վերջին հարցումների համաձայն բնակչության 80-90 տոկոսը հավանություն է տալիս ԵՏՄ-ին միանալու քաղաքականությանը: Նախագահը, խորհրդարանը, կառավարությունը միասնական էին այս որոշման հարցում: Մենք գիտենք, որ դա մի օրում չի արվել, 3 տարի մեծ աշխատանք է տարվել: Երբ ընդունվեց Ճանապարհային քարտեզը, ենթադրվում էր, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2015-ը, իսկ կանդամակցենք 2016-ին: Սակայն նախագահ Ատամբաևը դիմեց երկրների նախագահներին, որպեսզի պայմանագիրը կնքվի 2015-ի մայիսին: Հիմա խնդրում ենք, որ արագացվի վավերացումը, երբ դա արվի, մաքսային սահմանները Ղրղզստանի և Ղազախստանի միջև կբացվեն»,-ասել է Սարիևը:

Պատգամավորներն առաջարկել են վավերացման գործընթացն արագացնելու վերաբերյալ խնդրանքով նամակներ ուղարկել ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններին: Խոսնակը նշել է, որ նամակները կուղարկվեն մոտ ապագայում, հայտնում է Knews.kg-ն:

Մայիսի 8-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միության առաջին գագաթնաժողովում ԵՏՄ երկրները որոշում կայացրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին:

2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Որոշ ժամանակ կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերում: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր ասել ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, Ղրղզստանը մարտին առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել արձանագրություններում, «որոնք տրամաբանական չեն թվում միության անդամներին»: Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին: