«Արևելյան գործընկերության» ձևաչափն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով մայիսի 21-ին երկրի խորհրդարանում` Ռիգայի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:
Ռիգայում մայիսի 21ին աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը Եվրամիության առաջնորդների, ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարության, ինչպես նաև ծրագրի մասնկից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատելու առաջընթացը Բրյուսելի և նախաձեռնության մասնակից երկրների միջև հարաբերություններում 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո:
Գագաթնաժողովում կորոշվեն նաև հետագա քայլերը: Ակնկալվում է, որ ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» նվաճումները, գերակայություններն ու նպատակները մինչև հաջորդ գագաթնաժողով:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, առաջին հերթին` Ռուսաստանի: Ես կրկնում եմ, որ խոսք չկա և չի էլ եղել «կամ-կամի» մասին, կողմերից մեկի հետ ԵՄ մերձեցման և հարևան երկրների հետ սերտ համագործակցության միջև ընտրության մասին: Ուստի` մենք պատրաստ ենք խոսել մտահոգությունների մասին, որոնք կապված են ազատ առևտրի գոտու ստեղծման հետ այնտեղ, որտեղ այդ մտավախությունն առկա է: ԳԴՀ կառավարությունը կրկնում է, որ ԵՄ-ն պատրաստ է բանակցել, և այս պահին բանակցում է Ռուսաստանի հետ, և մեր դիրքորոշումը շատ կառուցողական է լինելու»,-հայտարարել է կանցլերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում ԵՄ Նախարարների խորհրդի կոմիտեի նիստի ավարտին հայտարարեց, որ Մոսկվան չի պարտադրի իր որոշումները ԵՄ-ին, սակայն կցանկանար, որ տարբեր երկրների հարաբերությունները ԵՄ հետ զարգանան ոչ ի վնաս Ռուսաստանի:
«Ես չեմ կարող մեկնաբանել մեր սպասելիքները, մենք չեք կարող ԵՄ-ին և նրա գործընկերներին պարտադրել ինչ-ինչ որոշումներ, մենք միայն ցանկանում ենք, և մեր գործընկերները Բրյուսելում վաղուց դա գիտեն, որ այդ հարաբերությունները չկառուցվեն ի վնաս ՌԴ օրինական շահերի»,-ասել է Լավրովը:
Եվրոպական կառույցները պնդում են, որ բոլոր հնարավոր զարգացումները «Արևելյան գործընկերության» երկրների հետ ուղղված չեն ՌԴ դեմ: Ըստ Պոյկանսի, «նրանք ցանկանում են Ռուսաստանի հարևանների հետ միասին, որոնք, ի դեպ, նաև ԵՄ հարևաններն են, բարգավաճող և կայուն գոտի ստեղծել ԵՄ-ից դուրս»: