3 դեկտեմբերի 2002 - 22:51 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ` ԽՆԴՐԵԼՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերին` կոչ անելով պաշտպանել թերթը երկրի իշխանությունների հալածանքներից: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դիմումում ասվում է, որ թերթը գրոհի է ենթարկվել Հեյդար Ալիեւի եւ նրա որդու դեմ օտարերկրյա գործարարների ներկայացրած հայցի վերաբերյալ հրապարակումից հետո` երկրում սեփականաշնորհում անցկացնելիս խարդախությունների կապակցությամբ: Թերթի դեմ հարուցվել է յոթ դատական գործ, որոնց հետեւանքով թերթը կարող է փակվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանները լիովին կախված են իշխանություններից, նման սպառնալիքը միանգամայն իրական է թվում: Ուստի մենք հավատում ենք, որ իրադարձությունների նման զարգացումը կարելի է կանխել միայն միջազգային հանրության միջամտության դեպքում», - նշվում է «Ենի Մուսավաթ»-ի գլխավոր խմբագրի ուղերձում: