20 սեպտեմբերի 2006 - 14:32 AMT
Էրդողանի հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան չի ձգտում Եվրոպա, հերյուրանք է
Մերօրյա Եվրոպայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը պատմական տեսանկյունից չի դիտարկվում, այն ունի քաղաքական ենթատեքստ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կախված է նրանից, թե որքան մեծ նշանակություն են տալիս այդ հարցին եվրոպական երկրները: «Թուրքիային պետք է փաստի առաջ կանգնեցնեն, որ առանց այս հարցի քաղաքական որոշման, նա չի կարող դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Ինչ վերաբերում է Ռեջեփ Էրդողանի երբեմն հնչող հայտարարություններին այն մասին, թե իր երկիրն այնքան էլ չի ձգտում Եվրոպա, դա ոչ ավելին է, քան հերյուրանք: Թուրքիան պատրաստ չէ Եվրոպային, նա ձգտում է պնդել իր պայմանները, որպեսզի ստացվի այնպես, որ ոչ թե ԵՄ-ն է ընդունում Թուրքիային, այլ Եվրոպան մտնում է Թուրքիա»,- նշել է Չոբոյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պետք տեսնել պետության եւ ժողովրդի տարբերությունը: «Թուրքիայի անդամակցությունը ցանկանում են ԱՄՆ-ում, ինչին բավականին հաջող հակազդում է հայկական լոբբին: Օրինակ, ֆրանսիական հասարակությունն այնքան էլ չի ցականում այդպիսի անդամ ունենալ ԵՄ-ում: Ընդհանրապես, Եվրամիությունը միատար կառույց չէ, յուրաքնաչյուր պետություն ելնում է սեփական նպատակներից եւ դա բնական է: Թուրքիան հարաբերությունները երկրների հետ առանձին-առանձին է բարելավում: Եվրոպայի յուրաքանչյուր երկիր ունի շահերը, եւ թուրքերը կարող են ստանալ նրանց աջակցությունը»,- ասել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի նախագահը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ