«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ են համարում մրցույթի 2 մասնակից երկրի` Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները:
Համապատասխան որոշում կայացվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում էր ձայների հաշվարկի անկախ դիտարկում:
«Այդ երկրներում հեռուստադիտողի քվեարկության արդյունքները ընդունվել էին 100%-ով»,-ասվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2009 թվականից մրցույթում հեռուստադիտողներից բացի քվեարկում է նաև մասնագիտական ժյուրին. 5-ական մարդ յուրաքանչյուր երկրից: Վերջնական գնահատականը ժյուրիի կարծիքի 50%-ի և հեռուստադիտողների կարծիքի 50%-ի հանրագումարն է:
Մրցույթում հաղթած Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլեևի արդյունքի վրա դա չի անդրադառնա, քանի որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից նա առաջ է 62 միավորով:
Մայիսի 24-ին Վիեննայի Stadthalle-ում ավարտվեց «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչը: Քվեարկության արդյունքում Հայաստանը 34 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
Հայաստանը 8 միավոր տվեց Չերնոգորիային, 10 միավոր` Վրաստանին, 12 միավոր` Ռուսաստանին:
Հաղթող ճանաչվեց Շվեդիան: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, երրորդն է` Իտալիան:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը հանդես եկավ «Face The Shadow» երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»: Մարտի 16-ին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մրցույթի կազմակերպիչները հաստատել էին Հայաստանի մասնակցությունը, բայց փոխվել էր հայկական երգի վերնագիրը՝ Don't Deny-ը (թարգ.՝ «Մի ժխտիր») փոխարինվել էր Face The Shadow-ով (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Փոփոխությունը միտված էր հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում:
Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:
Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը: