26 մայիսի 2015 - 12:54 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Ժամանակն է, որ Ադրբեջանը կողմնորոշվի

Ադրբեջանը պետք է կողմնորոշվի. հետագայում ևս առաջնորդվել պատրանքներով կամ իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ ընդունելով առկա իրողությունները, ասվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում զետեղված մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Ռիգայում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների եզրափակիչ հռչակագրի վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ Եվրամիությունն կհետևի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին և միանշանակ և վճռական քայլեր կձեռնարկի դրանք կյանքի կոչելու համար:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, մեկնաբանեց այն խոսակցությունները, թե Ադրբեջանը առարկում է այդ եզրափակիչ փաստաթղթի՝ Ղարաբաղին վերաբերող դրույթներին:

Նա մասնավորապես ասաց. «Գիտեք, ևս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ: Որովհետև այս անգամ 28 երկիր եկել էին մի համաձայնության, որպեսզի ձևակերպումներ լինեն ընդհանուր Հռչակագրի մեջ, որտեղ խոսքը գնում էր աջակցության մասին Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ջանքերին և արված հայտարարություններին 2009 թվից սկսած: Այսինքն՝ խոսքը գնում է լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունների մասին, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ մեր մոտեցումները համահունչ են այդ հայտարարություններում արված առաջարկներին և դրույթներին, Ադրբեջանն է, որ մինչև հիմա չի արտահայտվել այդ հարցով: Այս անգամ դա մտավ նաև Եվրոմիության և Արևելյան գործընկերության երկրների այդ ընդհանուր հռչակագրի մեջ, և Ադրբեջանը ինչ-որ խնդիրներ ուներ դրա հետ: Եվ այդ էր պատճառը, որ արտգործնախարարը իրենց լքեց, փաստորեն, դահլիճը, այո, և փորձում էին իրեն հետ բերել, բայց այդպես էլ չստացվեց, և վերջում համապատասխան բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հռչակագիրը կընդունվի, իսկ Ադրբեջանը իր առարկությունը կներկայացնի համապատասխան կետի վերաբերյալ:

Այսինքն, ինչի մասին է խոսքը գնում՝ խոսքը գնում է նրա մասին, որ Հայաստանը և միջազգային հանրության բավական կարևոր մասը՝ Եվրամիության անդամ երկրների և նաև այլ՝ «Արևելյան գործընկերության» երկրները, միակարծիք են այդ հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը նորից դեմ դուրս եկավ»: