26 մայիսի 2015 - 13:13 AMT
ԱԱԾ-ն շարունակում է բացահայտել «Օդնոկլասնիկի»-ում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կեղծ էջերը

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հայտարարություն է տարածել ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու և տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից, ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաև հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:

Այս անգամ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ:

ԱԱԾ-ն նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև 2014-ի հունիսին: ԱԱԾ մարմինների տեսադաշտում էին հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում գործադրված «Seyran Derv», «S.S», «Samvel Samvel», «Ա Ս», «Артем Арутюнов», «Albert Mnacakanyan», «A M», «Ruben Hayrapetyan», «(((((((RH)))))))», «Gevorg Saroyan», «Alik Mesropyan», «Sergey Karapetyan» ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցիները:

2014 թ. հունվարի 31-ին ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց Հայաստանի քաղաքացի Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Մարտիրոսյանի առնչությունն ադրբեջանական հատուկ ծառայություններին ու նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտնի չէ: «Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանմերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», Հայաստանի ԱԱԾ-ն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ: Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,- ասված է ՀՀ ԱԱԾ փետրվարի 6-ին տարածած հայտարարությունում:

ԱԱԾ ՔՎ-ում Խաչիկ Մարտիրոսյանի նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի քաղաքացին` ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»: