26 մայիսի 2015 - 16:54 AMT
Սանտա Մարգարիտան միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական քաղաքներին

Սանտա Մարգարիտան նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:

Քաղաքապետարանի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով, որ որոշ կառավարություններ չեն ընդունում Ցեղասպանությունը, այդ թվում՝ թուրքական և իսպանական կառավարությունները, հաշվի առնելով որ մարդկության դեմ ուղղված հանացագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ցեղասպանությունը դրանցից վատթարագույնն է, հաշվի առնելով որ հայ ժողովուրդը չի ստացել ո՛չ տնտեսական, ո՛չ տարածքային, և ո՛չ էլ մարդասիրական բնույթի փոխհատուցում, հաշվի առնելով, որ այդ Ցեղասպանությունը Հոլոքոստի, Ռուանդայի և Բալկանների ցեղասպանությունների նախատիպն է, հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ Քաղաքապետարանը որոշում է. աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին», հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մայիսի 13-ին մերժվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:

Մայիսի 4-ին բանաձևը Սենատի դիտարկմանն էր ներկայացրել կատալոնական Entesa քաղաքական միավորումը: Այդուհանդերձ, միջնորդագրի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ` 130-ը, իսկ 68-ը ձեռնպահ է մնացել: Դեմ է քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը (Parlamentario Popular, PP), որը Սենատում մեծամասնություն է կազմում, ինչի արդյունքում էլ միջնորդագիրը մերժվել է: Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները միասնական կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը:

Ապրիլին Բասկերի խորհրդարանը դատապարտեց Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջեց ճանաչել այն, ինչպես նաև կոչ արեց «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմքով»: Ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Մարտի 30-ին իսպանական Չիրիվեյա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Մարտի 26-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Իսպանիայի Պինտո քաղաքը, դրանից առաջ՝ մարտի 17-ին Բետերա քաղաքը, իսկ հունվարի վերջին` Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը:

2014-ի հունիսին Իսպանիայի՝ հիմնականում բասկերով բնակեցված Նավարա ինքնավար համայնքի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն Իսպանիայում՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո: