28 մայիսի 2015 - 13:26 AMT
Ստամբուլի «Արմեն» որբանոցը կվերակառուցվի և կրկին մանկատուն կդառնա

Ստամբուլի հայկական «Արմեն» մանկատունը, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում, հայ համայնքի ջանքերով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի:

«Արմեն» որբանոցը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կինը` Ռաքել Դինքը:

Հայտնի է, որ վերջերս դրա սեփականատերը ցանկություն էր հայտնել մանկատունը քանդել ու դրա տեղն այլ շինություն կանգնեցնել, սակայն այժմ նա խոստացել է շենքը հանձնել հայ համայնքին, հայտնում է Tert.am-ը:

Մայիսի 24-ին թուրքահայերը լուրջ հաջողության հասան. Ստամբուլի Թուզլա թաղամասում նրանք կարողացել են պահպանել քանդման ենթակա «Արմեն» որբանոցիտարածքի շինությունը, որը նախկինում ծառայել է իբրև մանկատուն։ Հայտարարվեց, որ շինարարական ընկերության հետ վեճը կարգավորվել է, տարածքը սեփականատիրոջ` Ֆաթիհ Ուլուսոյի որոշմամբ կփոխանցվի հայ բողոքական եկեղեցուն և կրթական հիմնադրամին։

Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, Գեդիկփաշայի Հայ բողոքական եկեղեցու քահանա Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, որ մանկատան վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն անմիջապես համապատասխան արտոնագրի ստացումից հետո:

«Նոր զարթոնք» հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկի փոխանցմամբ՝ «Նոր զարթոնք»-ի և «Հայկական ճամբարի համերաշխության» ակտիվիստները 19 օր շարունակ նստացույց են անցկացրել շինության ավերումը թույլ չտալու համար։ «Մենք հետևելու ենք սեփականության փոխանցման գործընթացին, մինչև այն պաշտոնապես չավարտվի»,- ասել է Կալկը։

«Մանկատունն իր ներկայիս վիճակով չի կարող օգտագործվել: Ուստի մենք այն կքանդենք ու նույն ձևով կվերակառուցենք, և այս անգամ հաստատության դռները բաց կլինեն ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի որբերի առջև»,- ասել է հոգևորականը:

«Հայկական ճամբար» («Արմեն» ճամբար) անվամբ հայտնի այդ տարածքը պահպանելու համար հանրային պայքարը սկսվել է մայիսի 6-ին, այն լայն արձագանք է ստացել Ստամբուլում և ակտիվորեն քննարկվել է սոցիալական ցանցերում։ Լուրը, որ շինարարական ընկերությունը մտադիր է քանդել շինությունն ու այդ տարածքում շքեղ բնակելի համալիր կառուցել, մեծ վրդովմունք էր հարուցել Ստամբուլում, որտեղ հայերին աջակցություն են հայտնել նաև մեծ թվով թուրք քաղաքական և հասարակական գործիչներ։

Մարդիկ մեծ ոգևորությամբ են ընդունել շենքը պահպանելու որոշումը։ Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` «Հայկական ճամբարի» մոt օրուգիշեր հերթապահող ակտիվիստներից շատերն արտասվել են։ 55-ամյա Կարապետ Օրոնուզը, ով 1967-75 թվականներին ապրել է այդ հայկական որբանոցում, ասել է, թե խոսքերով ի զորու չէ արտահայտել, թե ինչ է իր համար նշանակում «Հայկական ճամբարը»։ «Այս տեղը հիշողության կենտրոն է», - ասել է Օրոնուզը։