2 հունիսի 2015 - 11:25 AMT
Այվազովսկու կտավը չի հաջողվել վերադարձնել Ռուսաստան

Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» գողացված կտավի նախկին սեփականատերը բրիտանական աճուրդում նկարը վաճառելու համաձայնություն է տվել: Աճուրդի կազմակերպիչները որոշակի գումար են խոստացել վճարել նրան, գրում է «Պռավդա.ռու»-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ինտերպոլը միջոցներ է ձեռնարկում Մեծ Բրիտանիայում անցկացվող աճուրդից գողացված կտավը հանելու համար: Այն գողացել են 1997 թվականին Մոսկվայում` մասնավոր հավաքածուից: Կտավն անհետացել էր ԽՍՀՄ նավաշինարարական արդյունաբերության ժողկոմ Իվան Նոսենկոյի այրիի մոսկովյան բնակարանից: Դրանից հետո ոչ մի տեղեկություն դրա մասին չի եղել մինչև, որ այն չի հայտնվել աճուրդում:

Ինտերպոլի ռուսական բյուրոն կարողացավ ճշգրիտ պարզել կտավի գտնվելու վայրը և տեղեկացնել այդ մասին օրինական սեփականատերին, հայտնեց ՏԱՍՍ-ը ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևայի վրա հղումով:

Երբ աճուրդի կազմակերպիչներն առաջարկեցին նկարի վաճառքից ստացվելիք միջոցների մի մասը փոխանցել Նոսենկոյի այրիին, նա համաձայնվեց, որ կտավը վաճառքի հանվի: ՌԴ մշակույթի նախարարությունը ոչ մի հայտարարություն այս հարցի վերաբերյալ չի արել:

Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ-ն Ինտերպոլի հետ համատեղ շարունակում է հետաքննել արվեստի գողացած նմուշներն արտերկիր արտահանելու ուղիները:

Լոնդոնում սկսվել է «ռուսական սակարկությունների» շաբաթը: Միանգամից 4 աճուրդի տներում` Christie's, Sotheby's, MacDougall's և Bonhams, վաճառքի են հանվել հարյուրավոր լոտեր, այդ թվում դեկորատիվ-կիրառական արվեստի, ռուսական և խորհրդային շրջանի արտադրության ճենապակի, և, առաջին հերթին, նկարներ:

Այվազովսկու 1870 թ. «Երեկոն Կահիրեում» կտավը, որը 50-ականներին ցուցադրվել է Տրետյակովյան պատկերասրահում, վաճառվելու է հունիսի 2-ին` նախնական գինը մոտ 2-3 մլն դոլար է:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

Այվազովսկու գործերը պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, այդ թվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: