2 հունիսի 2015 - 12:57 AMT
Յակուտսկում Հայկական մշակութային կենտրոն կբացվի

Հունիսի 2-ին Յակուտսկում կսկսի գործել Հայկական մշակութային կենտրոնը:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Յակուտսկ կժամանի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունն Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը կրթությունն է լինելու: Այստեղ կուսուցանեն հայոց լեզու, ռուսերեն, յակուտերեն»,-ասել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Նավոյանը:

Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Երկրամաս» թերթի վրա հղումով:

Բացման օրը Կենտրոնի դահլիճում տեղի կունենա մեծ համերգ հայկական, յակուտական և ռուսական մշակույթը ներկայացնող կոլեկտիվների մասնակցությամբ:

Կենտրոնը բացվել է նորակառույց Սբ Կարապետ հայկական եկեղեցու հարևանությամբ: Այն համարվում է ՀԱԵ ամենահյուսիսային եկեղեցին:

Հայ համայնքի ձևավորումը Յակուտիայում սկիզբ է առել 19-րդ դարի 30-ական թվականներին: Այն ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները Սիբիրում սահմանափակվում էին զուտ առևտրատնտեսական կապերով: Սակայն Արևմտյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այդ հարաբերությունները նոր որակ ստացան: Ռուսական կայսրության հայ քաղաքացիները վաստակելու էին մեկնում Սիբիր, այդ թվում նաև Յակուտսկ: Հայերի մի մասը հայտնվեց Յակուտսկում որպես աքսորյալ: Հատկապես նրանց թիվն աճեց ստալինյան հետապնդումների տարիներին: Հայկական համայնքի ձևավորման պատմության երկրորդ փուլը սկսվեց 20-րդ դարի կեսերին, երբ տնտեսական միգրացիա արձանագրվեց:

2001-ին 80-ականներին Յակուտիա տեղափոխված և այնտեղ հաստատված Խորեն Սահակյանն իր կողմնակիցների հետ համայնք ստեղծեց և հիմնեց «Յակուտիայի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը: