ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեն լսել է իր զեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Տադեուշ Իվինսկիի հատուկ զեկույցը Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին, հայտնում է Contact.az-ը:
Նախօրեին Փարիզում կայացած Դիտարկման կոմիտեի նիստում զեկույցը հաստատվել է:
Նիստում նշվել է նաև, որ ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում զգալիորեն վատթարացել է: Շատերը հայտնվել են ճաղերի ետևում և ենթարկվում են հետապնդումների:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքացիական հասարակության անդամների հետապնդումները:
Հունիսի 23-ին Ագրամունտի և Իվինսկիի զեկույցը կդրվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի քննարկմանը Ստրասբուրգում:
Ավելի վաղ, աօպրիլիլին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մի շարք հայտնի իրավապաշտպաններ և դիվանագետներ բաց նամակով դիմել են ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին` պահանջելով հստակ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ակտիվերոն ներգրավված են երկրում մարդու իրավունքների խախտման և ազատությունների սահմանափակման գործընթացում:
Իրավապաշտպանները նշում են, որ վերջին տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները իրենց «էներգետիկ կարևորության» քողի տակ զբաղված են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով, այլախոհական ձայների լռեցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալություններով:
Ապրիլի 7-ին տարածվեց Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցը, որն արդեն չորրորդ էր Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ անցանկալի ազդեցության բացառումն ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի օրենսդիր և դատական համակարգերում կոռուպցիայի վերացման համար:
Ավելի վաղ ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը: Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո: